«Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի փոխտնօրեն Աշոտ Սարգսյանի հրաժարականի վերաբերյալ դեռեւս հրաման չկա: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի մամուլի պատասխանատու Անուշ Հարությունյանը։

Նա նշեց, ոչ քանի դեռ պաշտոնական հրաման չկա, որեւէ մեկնաբանություն չի կարող անել: Անուշ Հարությունյանը նաեւ տեղեկացրեց, որ այսօր տեսել է Աշոտ Սարգսյանին, եւ նա այժմ արձակուրդի մեջ չի գտնվում:

Նշենք,որ 168.am-ի հավաստի տեղեկություններով՝ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի եղբայրը՝ «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի փոխտնօրեն Աշոտ Սարգսյանը, հրաժարական է ներկայացրել զբաղեցրած պաշտոնից: Ա.Սարգսյանը, ով 2005թ.-ից ի վեր զբաղեցնում էր գործարանի կոմերցիոն գծով փոխտնօրենի պաշտոնը եւ, ըստ մամուլի բազմաթիվ հրապարակումների, սերտ առնչություն ունի գործարանում վերջին տարիներին տեղի ունեցած ֆինանսական, վարկային մեքենայությունների հետ, եւ ով ստանում էր ամսական 3.5 մլն դրամ աշխատավարձ, հանկարծ որոշել է գնալ «հանգստի»: Ամեն դեպքում, նա այդպես է պատճառաբանել իր հրաժարականը եւ նշել է, որ որեւէ այլ աշխատանքի առաջարկ դեռեւս չունի: