Գյումրու բնակիչ Էլիտա Գասպարյանը տարիներ շարունակ բնակվել է սոցիալապես ծանր պայմաններում՝ 4-րդ աստիճանի վթարային բնակարանում:

ՄԻՊ գրասենյակից հայտնում են, թե դեռեւս 2007թ . ՀՀ Շիրակի մարզի առաջին ատյանի դատարանի կայացրած վճռի հիման վրա Գյումրու քաղաքապետարանը նրան հաշվառել է երկրաշարժի հետեւանքով անօթեւան մնացած ընտանիքների հերթացուցակում` ըստ համապատասխան արտոնությունների:

Տիկին Էլիտան դիմել է աղետի գոտու բնակավայրերում երկրաշարժի հետեւանքով անօթեւան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման նպատակով կառուցված բնակարանների հատկացման հանձնաժողովին, որտեղից պատասխանել են, որ իրեն չեն ընդգրկել բնակարանային շինարարության ծրագրում` պատճառաբանությամբ, որ երկրաշարժի հետեւանքով քանդված իրենց բնակարանի դիմաց իր ընտանիքի մի մասին` հարսին եւ երկու թոռներին, արդեն իսկ հատկացվել է բնակարան:

Մնալով անօթեւան՝ Է. Գասպարյանը դիմել էր Մարդու իրավունքների պաշտպանին ՝ խնդրելով նրա աջակցությունն իրեն ժամանակավոր կացարանում տեղավորելու հարցում:

Պաշտպանի միջամտության արդյունքում Գյումրու քաղաքապետարանը Էլիտա Գասպարյանին տրամադրել է քաղաքի «Սամարիթեր» հիվանդանոցի հանրակացարանի սենյակներից մեկը: