Այսօր` հուլիսի 1-ից, «Արմենիա» հեռուստաընկերությունը սկսել է ինտերնետային հեռարձակումը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Պանարմենիան մեդիա գրուպի» ՏՏ տնօրեն Ռուբեն Մուրադյանը:
Սա նշանակում է, որ հեռուսադիտողը, ունենալով ինտերնետ կապ, կարող է ցանկացած սարքի միջոցով դիտել հեռուստաընկերության հաղորդումները: «Մենք սա անում ենք որպես ազդանշանը տարածելու նոր միջոց: Մարդ, ով արտասահմանում ցանկանում էր նայել «Armenia TV», ստիպված էր լինում գնել ինչ-որ ալեհավաք սարք, որպեսզի ազդանշանը նայեր: Իսկ հիմա բավարար է ունենալ մի ինտերնետին միացված ինչ-որ սարք»,- ասաց ՏՏ տնօրենը:
Ռուբեն Մուրադյանը նշեց, որ շուրջ մեկ շաբաթ օնլայն հեռարձակում իրականացնելու փորձերն էին կատարում, իսկ այսօրվանից արդեն տրվել է պաշտոնական մեկնարկը: «Մի շաբաթ աշխատեցինք ու գործարկեցինք: Մենք վաղուց HD հեռարձակումը տալիս էինք կաբելային օպերատորներին, մասնավորապես` UCOM-ին: Մտածում էինք ինտերնետ հեռարձակման մասին: Կարեւորն այն է, որ այդ որակը ապահովում ենք ոչ միայն համակարգչի վրա, այլեւ այլ սարքերի վրա` iPhone, iPad, Android հեռախոսներ: Ցանկացած պլատֆորմի վրա մեր ազդանշանը հնարավոր է նայել»,- ասաց Ռուբեն Մուրադյանը:
Նա նշեց, որ օնլայն հեռարձակման պահանջարկը միշտ եղել է, բայց իրենք փնտրում էին ինտերնետ պրովայդերի, որի համակարգը կաշխատեր տարբեր համակարգերի վրա, այսինքն` համակարգչի եւ iPhone-ի վրա ազդանշանը չէր տարբերվի: «Հիմնական սկզբունքը այն էր, որ հեռուստադիտողը ստանար նույն պատկերը բոլոր տեղերում»,- ասաց Ռուբեն Մուրադյանը: Նա տեղեկացրեց, որ վաղը պատրաստվում են սկսել Armnews հեռուստաընկերության օնլայն հեռարձակումը:





























