Վերակառուցման եւ Զարգացման եվրոպական բանկի՝ «Հայաստանում կայուն էներգիայի ֆինանսավորման» (ArmSEFF) նախագիծը մեկնարկել է 2010թ.: Նախագիծը նախատեսում է վարկային պորտֆել բիզնեսի համար 20 մլն դոլարի չափով՝ մաքուր էներգիայի արտադրության եւ էներգախնայողության համար (մեկ վարկի առավելագույն ծավալը 2,5 մլն է): Ավստրայի կառավարությունը ֆինանսավորում է տեխնիկական աջակցության բաղադրիչը, որ ենթադրում է անվճար էներգետիկ աուդիտ՝ վարկային հայտ ներկայացրած ձեռնարկություններում (անկախ դրա հաստատումից):
Ներկայումս ծրագրին մասնակցում է «Անելիք Բանկ» ՓԲԸ-ն (2010 թվականից 3 մլն դոլարի վարկով) եւ «Ամերիա բանկ» ՓԲԸ-ն, որ միացել է 2013թ. Ապրիլին: NEWS.am-ի հարցերին պատասխանում է «Անելիք Բանկ» ՓԲԸ Վարկավորման վարչության պետ Հայկ Գրիգորյանը:
Առայսօր ArmSEFF ծրագրով հաստատվել է 5 նախագիծ: Արդյոք այդ քանակը համապատասխանո՞ւմ է սպասվածին:
«Անելիք Բանկ» ՓԲԸ-ն առաջինն էր հայաստանյան բանկերի մեջ, որը 2010 թվականին պայմանագիր կնքեց եւ սկսեց աշխատել Վերակառուցման եւ Զարգացման Եվրոպական Բանկի (EBRD) կայուն էներգաարդյունավետության ծրագրի շրջանակներում:
2010 թվականից մինչ օրս նշված ծրագրի շրջանակներում հաստատվել եւ վարկավորվել են 5 նախագծեր, որոնցից ներկայումս երեքը դեռեւս գործողության ընթացքում են, այսինքն առկա են գործող վարկեր:
Սպասումների հետ կապված` եւ այո, եւ ոչ: Այո` այն առումով, որ ՎԶԵԲ հետ կնքված պայմանագրի չափանիշներով եւ դրա շրջանակներում ստացվելիք գումարով մենք նախատեսում էինք, որ այդ միջոցները կտեղաբաշխվեն 5-6 նախագծերում: Ոչ` այն առումով, որ գործնականում ի հայտ եկան որոշ հարցեր, որոնք սկսեցին որոշակի դանդաղեցնել ծրագրի լայնածավալ կիրառումը: Դրանցից կառանձնացնեի ֆինանսավորման պայմանների հետ կապված հնարավոր շահառուների մեծամասնության սպասումների եւ դրանց փաստացի պայմանների որոշակի տարբերությունները` վարկի ժամկետ, արժույթ, տոկոսադրույք, գրավադրման պահանջ եւ այլն:
ՎԶԵԲ-ի եւ ArmSEFF մեր գործընկերների հետ, որոնք շատ սրտացավ եւ մասնագիտական բարձր մակարդակով իրականացնում են իրենց գործառույթները, մենք բազմաթիվ քննարկումներ ենք ունեցել եւ ունենում այն հարցերի շուրջ, որոնցով հնարավոր կլինի բարձրացնել ծրագրի կիրառման արդյունավետությունը:
Որքա՞ն նախագիծ է ներկայացվել, սակայն չի հաստատվել:
Ծրագիրն այսօր էլ գործում է, եւ այս պահին էլ մենք չենք դադարեցրել նոր հաճախորդների որոնումը, Բանկ դիմող հաճախորդների գործարար ծրագրերում համապատասխանություն գտնելու դեպքում ծրագրի ներքո դիտարկելու գործընթացները: Ծրագրի գործողության ընթացքում մինչեւ այս կամ այն փուլ դիտարկվել են երեք տասնյակի հասնող նախագծեր, որոնք չեն իրականացվել տարբեր պատճառներով: Մի մասը տեխնիկական չափանիշներին անհամապատասխանության պատճառով, մի մասը վարկունակության անբավարար չափանիշներ ունենալու պատճառով, իսկ մի զգալի հատված` շահառուներն իրենք են հրաժարվել ֆինանսավորումից արդեն իսկ նշածս պատճառով:
ArmSEFF-ի կողմից կազմակերպված սեմինարների, այլ միջոցառումների եւ ընդհանրապես կայացած բազմաթիվ հանդիպումների ժամանակ հնարավոր շահառուների հետ զրույցների ընթացքում մեզ մոտ տպավորություն է ստեղծվել, որ առկա է որոշակի թյուրըմբռնում: Շահառուները, չափազանց կարեւորելով ֆինանսավորման պայմանները, որն, իհարկե, շատ կարեւոր է, գրեթե անտեսում են ծրագրի մեկ այլ կարեւորագույն բաղադրիչ` ArmSEFF-ի կողմից տրամադրվող անվճար տեխնիկական աջակցությունը, որը, այլ հավասար պայմաններում, բավականին թանկ ծառայություն է:
Ինչպիսի՞ տոկոսադրույքով եւ ժամկետով են տրվում վարկերը ծրագրի շահառուներին:
Ծրագրի շրջանակում տրամադրվող վարկերի պայմաններն, ըստ էության, համընկնում են շուկայում ձեւավորված հիմնական վարկատեսակների պայմաններին` ժամկետը մինչեւ 5 տարի, 11-13 տոկոս տարեկան տոկոսադրույք, համապատասխան գրավային ապահովում եւ այլն: Քանի որ խոսք գնաց նաեւ շահառուների սպասումներից եւ պահանջարկից, նշեմ, որ հիմնականում ակնկալվում էր մոտ 10 տարի եւ ավել մարման ժամկետ, 7-9 տոկոս տարեկան տոկոսադրույք, հիմնականում մշակված ծրագրի հիման վրա ֆինանսավորում, առանց գրավադրման եւ այլն:
Արդյոք համարո՞ւմ եք, որ Հայաստանում կան մեծ թվով պոտենցիալ նախագծեր, որոնք կհամապատասխանեն նախագծի պահանջներին (4 կՎտ/ժ տարեկան տնտեսում կամ 2 կՎտ/ժ՝ կանաչ էներգիայի արտադրություն՝ յուրաքաչյուր 1 դոլարի համար):
Այո, համարում եմ, որ այդ պոտենցիալը Հայաստանում բավականին շատ է: Դեռեւս շատ ձեռնարկություններ եւ ընկերություններ օգտագործում են ֆիզիկական եւ բարոյական մաշվածություն ունեցող սարքավորումներ եւ տեխնոլոգիաներ, որոնք արդիականացման կարիք ունեն եւ ժամանակի ընթացքում, տեխնիկական առաջընթացին զուգընթաց, անընդհատ պետք է արդիականացվեն: Առկա են շատ նախագծեր, որոնք, ցավոք սրտի, դեռեւս գտնվում են թղթի վրա, որոնց կյանքի կոչելը եւ կիրառումը եւս կբարձրացնի էներգաարդյունավետությունը:
Արդյոք պատրա՞ստ եք ֆինանսավորել նման նախագծեր ծրագրից դուրս, բայց նույն պայմաններով:
Իհարկե պատրաստ ենք, եւ դա իրականացվել ու իրականացվում է: «Անելիք Բանկն» ունի բազմաթիվ հաճախորդներ, որոնք համագործակցության ընթացքում Բանկից ստացված վարկային միջոցներով իրականացրել են իրենց գործունեության արդիականացում եւ ստացել են բավականին շոշափելի արդյունք հենց էներգաարդյունավետության հարցում:
Արդյոք բանկը նախատեսո՞ւմ է ծրագրի ներքո ֆինանսավորել նոր նախագծեր: Արդոք առկա՞ են ազատ միջոցներ ՎԶԵԲ-ի տրված վարկային գծի սահմաններում: Ե՞րբ է ավարտվում դրա ժամկետը:
ՎԶԵԲ-ի եւ «Անելիք Բանկի» միջեւ կնքված կայուն էներգաարդյունավետության ծրագրի շրջանակներում ֆինանսավորման պայմանագիրը կնքվել է 5 տարի ժամկետով եւ ավարտվում է 2015թ.: Ներկա պահին բոլոր միջոցները տեղաբաշխված են, սակայն, ինչպես արդեն նշեցի, մենք շարունակում ենք նոր նախագծերի դիտարկումները եւ ուսումնասիրությունները: Բանկի վարկավորման չափանիշներին եւ ArmSEFF-ի մեր գործընկերների կողմից տրված տեխնիկական համապատասխանության առկայության դեպքում դրանք կվարկավորվեն:
Զրուցեց Արամ Գարեգինյանը





























