Հայաստանի Հանրապետության Վերահսկիչ պալատը 2012 ո. ՀՀ քաղաքաշինության նախարարությունում ուսումնասիրություն չի իրականացրել, սակայն իր հաշվետվության մեջ նշել է «քաղաքաշինության ոլորտ» տերմինը: Այդ մասին այսօր՝ հուլիսի 2-ին ասաց ՀՀ քաղաքաշինության նախարար Սամվել Թադեւոսյանը: Նրա մեկնաբանամամբ՝ շինարարական աշխատանքներ իրականացնում են տարբեր նախարարություններ, ճիշտ կլիներ, եթե ՎՊ-ն նշեր, ոչ թե «քաղաքաշինություն» բառը, այլ «շինարարություն»:

«Այո, շինարարության ոլորտում խախտումներ կան: Սակայն վերահսկիչ պալատը նախ պետք է հստակեցներ, թե ստուգված աշխատանքներում խախտումների տեսակարար կշիռը որքա՞ն է: Չեմ կասկածում վերահսկիչ պալատի պրոֆեսիոնալ կարողություններին, սակայն կարծում եմ, որ հաշվետվությունում խորքային վերլուծություններ եւ եզրահանգումներ չկան շինարարության ոլորտում առկա խախտումների նախապայմանների մասին, այսպես ասած՝ խախտումները ծնող հանգամանքների մասին»,- ասաց Ս. Թադեւոսյանը:

Իսկ խախտումները ծնող հանգամանքները, ըստ Ս. Թադեւոսյանի, առաջին հերթին նախագծող լիցենզավորված կազմակերպությունների ու տեխնիկական վերահսկություն իրականացնողների թերի աշխատանքն է:

Մասնավորապես՝ նախագծողները նախագիծը ներկայացնում են թերի եւ անորակ, միանգամից 5-10 կազմակերպության համար են աշխատում: Կամ՝ նույն մարդը մի տեղ նախագծող է, մեկ այլ տեղ՝ այդ նույն նախագծի փորձաքննողն է: Սա, ըստ Ս. Թադեւոսյանի, առաջացնում է կոռուպցիոն ռիսկեր: Իսկ թե ինչու են նման կազմակերպությունների լիցենզիա տրամադրում, Ս. Թադեւոսյանն ասաց. «Չենք կարող չտրամադրել»: Այնուհետ ճշտեց, որ 550 կազմակերպությունից լիցենզիան ետ են վերցրել:

Լուսանկարը՝  Արսեն Սարգսյանի/NEWS.am