ՀՀ ՊՆ քննչական ծառայության որոշումը` Արտակ Բուդաղյանին որպես տուժող ներգրավելու միջնորդության քննարկումը հետաձգելու մասին, բողոքարկել են Գլխավոր դատախազին: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Բուդաղյանների շահերի պաշտպան Հայկ Ալումյանը: Նա անարդյունավետ է համարել այդ որոշումը զինվորական դատախազին բողոքարկելը` «նկատի ունենալով, որ նա արդեն քննիչի որոշման հետ կապված իր հարցազրույցում հայտնել էր իր կարծիքը»:
Ինչ վերաբերում է զինդատախազին Քրեական դատավարության օրենսգիրքը ուղարկելը, ապա փաստաբանն ասաց, որ հետաձգել է դա անելը, առայժմ սահմանափակվում է բողոք ներկայացնելով:
Հիշեցնենք, որ Պաշտպանության նախարարության քննչական ծառայությունը հետաձգել է Արտակ Բուդաղյանին որպես տուժող ճանաչելու մասին միջնորդության քննարկումը: Այդ միջնորդության վերաբերյալ զինվորական դատախազ Գեւորգ Կոստանյանի մեկնաբանությունները, թե անհրաժեշտ է կատարել բազմաթիվ քննչական գործողություններ, չի բացառվում Արտակ Բուդաղյանին մեղադրյալ ներգրավելը, փաստաբանը մեկ բառով բնութագրեց` «Զինդատախազությունն իր ոճի մեջ է»: «Եթե որեւիցե մի միջնորդության լուծման համար անհրաժեշտ են որոշակի գործողություններ, մինչեւ պարզվի` այդ միջնորդությունը ենթակա է բավարարման կամ մերժման, ուրեմն այդ միջնորդության քննարկումը կարող է հետաձգվել, բայց սա այդ դեպքը չէ: Այս դեպքում միակ գործողությունը, որ իրենց անհրաժեշտ էր կատարել մեր միջնորդությունը քննարկելու առումով, բացել Քրեական դատավարության օրենսգիրքը: Ես չգիտեմ` իրենց ինչքան ժամանակ է պետք Քրեական դատավարության օրենսգիրքը կարդալու համար, իրենք դա պետք է համալսարանում արած լինեին: Չգիտեմ` ինչ պետք է անեմ, կարող է Քրեական դատավարության օրենսգիրքը ուղարկեմ իրենց փոստով, կարող է բողոքարկեմ, չգիտեմ, դեռ չեմ որոշել, երկուշաբթի օրը կորոշեմ»,- հայտնել էր Հայկ Ալումյանը:
Նշենք, որ գործի շրջանակներում որպես վկա հարցաքննվել են Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի տան մոտ տեղի ունեցած կրակոցների հետեւանքով հրազենային վիրավորում ստացած ԼՂՀ N զորամասի հրամանատար, գնդապետ Արտակ Բուդաղյանը եւ Սուրեն Խաչատրյանի թիկնապահներից Նիկոլայ Աբրահամյանը:
Հիշեցնենք, որ հունիսի 2-ին՝ ժամը 00:10-ի սահմաններում, Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի տան մոտ հնչել են կրակոցներ, որի հետեւանքով 1 մարդ մահացել է, եւս 2 մարդ հրազենային վնասվածքներով տեղափոխվել են Գորիսի բժշկական կենտրոն: Մահացածը Գորիսի քաղաքապետի նախկին թեկնածու Ավո Բուդաղյանն է, իսկ վիրավորներից մեկը՝ նրա եղբայրը՝ Արտակ Բուդաղյանը, ով ԼՂՀ N զորամասի հրամանատար է, մյուս վիրավորը՝ Նիկոլայ Աբրահամյանն է, ով Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի ազգականն է եւ թիկնապահը:
Կրակոցները հնչել են «Բերետա» տեսակի ատրճանակից եւ որսորդական հրացանից: Փաստի առթիվ արդեն հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրօրի 104 հոդվածի 1-ին մասի (սպանություն) եւ 235 հոդվածի (ապօրինի զենք, զինամթերք կրելը, պահելը, օգտագործելը) հատկանիշներով: Վիրավորներին Գորիսի բժշկական կենտրոնից ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության արագ հակազդման բաժնի օպերների ուղեկցությամբ շտապ օգնության մեքենաներով տեղափոխել են Երեւան: Գորիսում հայտնի Սդղի լճում խնջույք է եղել, որին մասնակցել է նաեւ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը: Վեճ է ծագել, որը շարունակվել է Սյունիքի մարզպետի տան մոտ:
Դեպքի կապակցությամբ ձերբակալվել, ապա կալանավորվել է Սյունիքի մարզպետի թիկանապահ Զարզանդ Նիկողոսյանը եւ Սուրեն Խաչատրյանի որդին` 19-ամյա Տիգրան Խաչատրյանը: Գործի քննությունն իրականացնում է զինվորական դատախազությունը:Նրանց շահերը կպաշտպանեն երեք փաստաբան՝ Փաստաբանների պալատի նախագահ Ռուբեն Սահակյանը, Կարմեն Սահակյանը, Մարտին Զիլֆուղարյանը:
Սուրեն Խաչատրյանը հայտնի դեպքից հետո հայտարարել էր, թե ժամանակավորապես վայր է դնում մարզպետի իր լիազորությունները` մինչեւ նախաքննության ավարտը, թեեւ օրենքով նման բան նախատեսված չէ: Հունիսի 6-ին Կառավարությունն ընդունեց Սուրեն Խաչատրյանի` աշխատանքից ազատման դիմումը:





























