Չտեսակավորված կենցաղային աղբը չորրորդ դասի վտանգավոր թափոն է, որի համար նախատեսված է բնապահպանական վճար՝ 1500 դրամ: Այդ մասին այսօր՝ հուլիսի 2-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ բնապահպանության նախարարի առաջին տեղակալ Սիմոն Պապյանը:
Սակայն, նրա ներկայացմամբ, չի կարելի ասել, թե վտանգավոր թափոնների կառավարման ոլորտում ամեն ինչ լավ է: Մասնավորապես՝ չտեսակավորված կենցաղային աղբից գանձվող բնապահպանական վաճրները շատ փոքր են, քանի որ շատ դեպքերում նույնիսկ պարզ չէ՝ թե ով պետք է այն վճարի: Այս առումով՝ Ս. Պապյանը նշեց, որ համաձայն են ՀՀ Վերահսկիչ պալատի դիտողությունների հետ, վտանգավոր թափոնների կառավարման ոլորտում իսկապես խնդիրներ կան, որոնք չեն նպաստում բնապահպանական վճարների հավաքագրման աշխատանքներին: Ընդհանուր առմամբ՝ կոշտ թափոններից 2012 թ. հավաքվել է 64 մլն դրամ բնապահպանական վճար, որի չնչին մասն է ստացվել կենցաղային թափոններից:
Սակայն, ըստ Ս. Պապյանի, ՎՊ ոչ բոլոր դիտողությունների հետ են համաձայն: Մասնավորապես՝ ՎՊ-ն նշել էր, որ «թափոնների տեղադրում» եւ «թափոնների պահում» հասկացությունները հստակեցված չեն, ինչն էլ ազդում է բնապահպանական վճարների հաշվարկման եւ գանձման վրա; Սակայն, փոխնախարարի մեկնաբանմամբ, այդ հասկացությունները բավականաչափ հստակեցված են «Թափոնների մասին» օրենքի 4-րդ հոդվածով; Ըստ այդմ՝ թափոնների տեղադրումը դրանց մեկուսացումն է, որը բացառում է դրանց հետագա օգտագործումը: Իսկ թափոնների պահումը դրանց ժամանակավոր տեղադրումն է, ինչը չի բացառում հետագա օգտագործում:
Ըստ Ս. Պապյանի՝ գոյություն ունի թափոնների պահպանման պետական ոչ առեւտրային կազմակերպություն, որը տարեկան 11 մլն դրամ է ստանում դիտարկումների, թափոնների հաշվառման, պետական կադաստրի վարման համար: Այս գումարների հետ կապված ՎՊ-ն որեւէ դիտողություն չի ներկայացրել:





























