Թուրքիայի փոխվարչապետ Բեշիր Աթալայը հայտարարել է, թե Ստամբուլի «Գեզի» այգու իրադարձությունները հրահրվել եւ ուղղորդվել են դրսի ուժերի եւ հրեական սփյուռքի կողմից։

Թուրքական «Աքշամ» պարբերականի փոխանցմամբ՝ Թուրքիայի փոխվարչապետ Բեշիր Աթալայը, խոսելով Ստամբուլի «Գեզի» այգու իրադարձություններից, հայտարարել է, թե արտաքին ուժերն ու հրեական սփյուռքը Թուրքիայում սկսված իրադարձությունները հրահրել են եւ լուրջ ձեւով աշխատել այդ ուղղությամբ։

«Ստամբուլի «Գեզի» այգու իրադարձությունները աշխարհում լուսաբանելու ընթացքում երեւաց, որ այն լավ ուղղորդված է։ Սակայն «Մեծ Թուրքիայի» վերելքին խանգարել ցանկացողները չկարողացան հաջողության հասնել, քանի որ ժողովուրդն առաջվա ժողովուրդը չէ եւ ամեն ինչ հասկանում է»,-ասել է Բեշիր Աթալայը։

Հիշեցնենք, որ Ստամբուլի քաղաքային իշխանությունները որոշել են «Գեզի» այգու ծառերի մի մասը կտրել՝ այգու այդ հատվածում շինություն կառուցելու համար, ինչին դեմ են դուրս եկել մի շարք արվեստագետներ, պատգամավոր եւ հասարակական գործիչներ։ Այդուհանդերձ, վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, թե որոշումն ընդունված է եւ այգին քանդվելու է։

Մայիսի 31-ի առավոտյան ոստիկանությունը դաժան մեթոդներով ցրել է այգում հերթապահություն անող քաղաքացիներին: Սա մեծ իրարանցում է առաջացրել ոչ միայն Ստամբուլում, այլ ամբողջ Թուրքիայում` առիթ դառնալով լայնամասշտաբ բախումների:

Իշխանությունները հետագա բախումներից խուսափելու համար հայտարարել են, որ «Գեզի» այգին վերականգնվելու է։