Հայաստանի ապահովագրական ընկերությունները 2013 թ. առաջին եռամսյակում ստացել են 11.4 մլրդ դրամի ապահովագրավճարներ: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը` հիմնվելով ՀՀ կենտրոնական բանկի նախնական տվյալների վրա:

Նախորդ տարվա առաջին եռամսյակի համեմատ ապահովագրավճարները նվազել են 8.4%-ով (մոտ 1 մլրդ դրամով):

Ապահովագրավճարների առյուծի բաժինը ստացվում է ԱՊՊԱ-ից: 2013 թ. առաջին եռամսյակում ԱՊՊԱ-ի ապահովագրավճարները կազմել են 7.4 մլրդ դրամ, կամ ընդհանուրի մոտ 65%-ը:

Անձնական ապահովագրավճարների ծավալը 2013 թ. առաջին կիսամյակում կազմել է 2.1 մլրդ դրամ, կամ ընդհանուրի 19%-ը: Երրորդ տեղում գույքի ապահովագրավճարներն են` 1.2 մլրդ դրամ կամ ընդհանուրի 10.6%-ը:

Ապահովագրական հատուցումները 2013 թ. առաջին եռամսյակում կազմել են 4.9 մլրդ դրամ` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելանալով 67%-ով կամ 2 մլրդ դրամով: Ապահովագրական հատուցումների 57.5%-ը (2.8 մլրդ դրամ) բաժին է ընկել ԱՊՊԱ-ին: