Արագածոտնի մարզի Դավթաշեն համայնքում (Թալինի տարածաշրջան) իրականացված բակային համայցերի արդյունքում հուլիսի 2-ի դրությամբ աղիքային խանգարման հիվանդության գանգատներով նոր անձինք չեն հայտնաբերվել:

Առողջապահության նախարարության մամուլի ծառայությունից հայտնում են, թե նախորդ օրերին հայտնաբերված գանգատներ ունեցող բոլոր անձանց մոտ երեւույթները հիմնականում տեւել են մի քանի ժամ եւ առանց բուժական որեւէ միջամտության անցել են: Հուլիսի 1-ի դրությամբ հայտնաբերված կլինիկական նշաններով 3 անձինք այլեւս գանգատներ չեն նշում: «Թալինի» ԲԿ-ում հոսպիտալացված հիվանդը դուրս է գրվել առողջացումով:

Հունիսի 28-30-ին վերցված խմելու ջրի նմուշների լաբորատոր հետազոտության արդյունքում հայտնաբերվել են ջրի որակի շեղումներ, որոնք վկայում են խմելու ջրի աղտոտման մասին:

Ներկայումս իրականացվում են բոլոր անհրաժեշտ միջոցառումները գյուղի բնակչությանը մատակարարվող խմելու ջրի անվտանգության ապահովման ուղղությամբ, այդ թվում` ջրի կանխարգելիչ վարակազերծում։ Այդ ամենի արդյունքում խմելու ջրի որակը համապատասխանեցվել է սանիտարահիգիենիկ նորմերի պահանջներին:

Աշխատանքները շարունակվում են: