Deutsche Welle-ին տված հարցազրույցում Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին պատմել է Ռուսաստանի, Սահակաշվիլիի հետ հարաբերությունների, ինչպես նաեւ Աբխազիան եւ Հարավային Օսիան վերադարձնելու ուղիների մասին:

Թղթակցի հարցին, թե ինչու  նախագահի թեկնածու է առաջադրվել կրթության եւ գիտության նախարար Գեորգի Մարգվելաշվիլին, ոչ թե ինքը, Իվանիշվիլին պատասխանել է. «Ես պատրաստվում եմ հեռանալ քաղաքականությունից, ընդ որում շատ շուտով, ընտրություններից անմիջապես հետո, ուստի մտադիր չեմ առաջադրվել նախագահի պաշտնում: Կա եւս մեկ պատճառ՝ երկրի Սահմանադրությամբ վարչապետի պաշտոնն ավելի կարեւոր է, քան նախագահինը»:

«Իմ կարծիքով՝ «Միացյալ ազգային շարժումը» մրցակից չէ: Նրանք ընտրություններում նույնիսկ երկրորդ տեղը չեն զբաղեցնի»,-ասել է վարչապետը:

Նա խոստովանել է, որ Սահակաշվիլիի եւ նրա կուսակցության հետ հարաբերությունները շատ բարդ են: «Սահակաշվիլիի հետ ես շատ բարդ հարաբերություններ ունեմ: Նրա գաղափարախոսությունը ստի ու բռնության գաղափարախոսություն է: Այն բանից հետո, երբ Սահակաշվիլին ցույց տվեց իր իրական դեմքը, ես չեմ ցանկանում շփվել նրա հետ, դրա կարիքն էլ չի լինի»,-ասել է Իվանիշվիլին:
Անդրադառնալով Աբխազիայի եւ Հարավային Օսիայի հակամարտություններին, Վրաստանի վարչապետը նշել է, որ Վրաստանը պետք է աբխազների ու օսերի համար գրավիչ պետություն կառուցի: «Մենք պետք է պայքարենք ոչ թե հողերի համար, այլ՝ մարդկանց: Մարդկանց մոտ ցանկություն պետք է առաջանա ապրել մեզ հետ եւ դա կլինի վճռորոշը»,-ասել է նա: