Եգիպտոսի զինված ուժերի ղեկավարությունը ծրագիր է մշակել, որով ներկա իշխանությունները իշխանությունը կզիջեն նորերին: Այդ պլանը գործի կդրվի այն դեպքում, եթե քաղաքական ուժերը չկարողանան խաղաղ ելք գտնել ներկա ճգնաժամից:

Ինչպես հաղորդում է Reuters-ը՝ վկայակոչելով ՊՆ աղբյուրները, բանակը նախատեսում է ցրել խորհրդարանը, որտեղ գերիշխում են իսլամիստ նախագահ Մուհամեդ Մուրսիի կողմնակիցները եւ դադարեցնել Սահմանադրության գործողությունը, որը գրվել է իսլամիստների թելադրանքով:

Դրանից հետո երկրի ղեկավարությունը կանցնի անցումային խորհրդին, որը սահմանադրական փոփոխություններ կպատրաստի եւ համընդհանուր ընտրություններ կանցկացնի: Նախագահ Մուրսիի համար այդ պլանում տեղ չի գտնվել:

Ավելի վաղ գեներալները հայտարարել էին, որ իրավիճակն իրենց վերահսկողության տակ կվերցնեն այն դեպքում, եթե քաղաքական գործիչները որեւէ փոխզիջում չգտնեն մինչեւ հուլիսի 3-ի երեկոն:

Ընդդիմությունը կառավարության հետ բանակցություններում իր ներկայացուցիչ է ընտրել ԱԷՄԳ-ի նախկին ղեկավար Մոհամադ էլ-Բարադեյին, իսկ երկրի ղեկավարությունն այդ բանակցություններում կներկանացնի վարչապետ Հիշամ Քանդիլը: Դեռեւս անհայտ է, թե երբ կսկսվեն այդ բանակցությունները: