Հայաստանի գլխավոր դատախազը Կիպրոսի գլխավոր դատախազին է փոխանցել «օֆշորի» գործով  իրավական օգնություն ցուցաբերելու մասին միջնորդությունների կրկնօրինակները։ Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Գլխավոր դատախազությունից:

Նրանց փոխանցմամբ` Հայաստանի եւ Կիպրոսի գլխավոր դատախազները հանդիպել են, որի ընթացքում կողմերը  կարեւորել են երկու երկրների դատախազությունների միջեւ համագործակցության մասին հուլիսի 1-ին ստորագրված հուշագիրը եւ հույս հայտնել, որ այն կնպաստի եւ նոր որակ կհաղորդի երկու երկրների իրավապահների համագործակցությանը։

«ՀՀ գլխավոր դատախազը տեղեկացրել է, որ կոնկրետ քրեական գործով իրավական օգնության մասին միջնորդություն է ուղարկվել Կիպրոս՝ դիվանագիտական ճանապարհներով։ Հաշվի առնելով, որ արդեն առկա է ստորագրված երկկողմանի փաստաթուղթ՝ ՀՀ Գլխավոր դատախազը Կիպրոսի գլխավոր դատախազին է փոխանցել հասարակական հնչեղություն ստացած քրեական գործով իրավական օգնություն ցուցաբերելու մասին միջնորդությունների կրկնօրինակները»,- հայտնեցին դատախազությունից։

Նշենք, որ  խոսքը մասնավորապես վերաբերում է գործարար Փայլակ Հայրապետյանի հաղորդման հիման վրա ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության քննչական գլխավոր վարչության ՀԿԳ քննության վարչությունում 2012 թվականի օգոստոսի  6-ին հարուցված քրեական գործին, որով իրավական օգնություն ցուցաբերելու մասին Կիպրոսի Հանրապետության իրավասու մարմիններին ուղղված Հայաստանի ոստիկանության՝ վարույթն իրականացնող մարմնի միջնորդությունն ուղարկվել է 2012 թվականի սեպտեմբերին։ Նույն քրեական գործով իրավական օգնություն ցուցաբերելու վերաբերյալ երկրորդ միջնորդությունը, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի ստորագրությամբ, Կիպրոսի գլխավոր դատախազին ուղարկվել է 2013 թվականի հունիսի 19-ին։

Միջնորդությունների վերաբերյալ փաթեթը հանձնելով Կիպրոսի գլխավոր դատախազին՝  ՀՀ գլխավոր դատախազը նաեւ խնդրել է հանձնարարել Կիպրոսի համապատասխան ծառայություններին` հնարավորինս սեղմ ժամկետում կատարել միջնորդության պահանջները եւ արդյունքների մասին հայտնել Հայաստանի գլխավոր դատախազությանը։  Կիպրոսի գլխավոր դատախազը վստահեցրել է, որ կհանձնարարվի իրավասու մարմիններին հնարավորինս սեղմ ժամկետում ապահովել միջնորդության կատարումը։

Իսկ ոստիկանության լրատվական ծառայությունից NEWS.am-ին հայտնեցին, որ առայժմ որեւէ նորություն չկա այս գործի վերաբերյալ, եւ երբ նախաքննական մարմինը անհրաժեշտ համարի, հանդես կգա պարզաբանմամբ: «Այս պահի դրությամբ քննությունը շարունակվում է»,- հայտնեցին ոստիկանությունից:

Ավելի վաղ  Կիպրոսի գլխավոր դատախազ Պետրոս Կլերիդեսը բացառել էր առանց տվյալ անձի թույլտվության օֆշորային ընկերության բաժնետեր գրանցելը: Այս մասին «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասել էր Կիպրոսի գլխավոր դատախազ Պետրոս Կլերիդեսը:

«Ես խոսել եմ Հայաստանի գլխավոր դատախազի հետ: Մի քանի րոպե առաջ ինքը ինձ պատմել է այդ պատմության մասին: Առաջին անգամ եմ լսում այս մասին, նա խոստացավ ինձ տալ բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը մինչեւ իմ մեկնելը եւ ես պատասխանատվություն եմ վերցրել անմիջապես քայլեր ձեռնարկել եւ պատասխանել»,- ասաց նա:

«Ազատություն» ռադիոկայանի հարցին`  հնարավո՞ր է արդյոք որեւէ մեկին օֆշորային ընկերության բաժնետեր գրանցել առանց տվյալ անձի թույլտվության, Կիպրոսի գլխավոր դատախազը պատասխանեց․«Ոչ: Բայց ես չեմ ուզում մտնել մանրամասների մեջ մինչեւ չնայեմ գործի ողջ պատմությունը, փաստաթղթերը, որոնք անհրաժեշտ են այդ իրադարձությունները հետաքննելու համար»: Հարցին՝ «այսինքն հնարավոր չէ՞ գրանցել առանց իր թույլտվության», Կլերիդեսը պատասխանեց. «Անհնար է, եթե իհարկե, նա չի գործել իր լիազորված անձի կամ նմանատիպ մի այլ ձեւով»:

Հիշեցնենք, որ ըստ Hetq.am կայքի, Կիպրոսում գրանցված «WLISPERA HOLDINGS LIMITED» օֆշորային ընկերության բաժնետերերն են ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, Արարատյան թեմի առաջնորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը եւ «ադամանդագործ» Աշոտ Սուքիասյանը: Այս ընկերությունն ուղղակի առնչություն ունի գործարար Փայլակ Հայրապետյանի ունեզրկման հետ: Օֆշորային այդ կազմակերպության գրանցման համար «Ամերիա» բանկից խոշոր վարկ է վերցվել: Հրապարակումից հետո թե Նավասարդ Կճոյանը, թե Տիգրան Սարգսյանը հերքել էին, թե ընկերություն ունեն գրանցած օֆշորային գոտում, իսկ գործարար Աշոտ Սուքիասյանը գլխավո դատախազին մի նամակ էր ուղարկել, որում ասել էր, թե ինքն է վարչապետի եւ Արարատյան հայրապետական թեմի առաջնորդի անունով ընկերություն գրանցել առանց վերջիններիս գիտության: 

Լուսանկարը՝  Արսեն Սարգսյանի/NEWS.am