Հանրային զուգարանների գնումը անարդյունավետ ծախս է: Այդ մասին այսօր՝ հուլիսի 3-ին, ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը՝ անդրադառնալով ՀՀ վերահսկիչ պալատի ուսումնասիրության արդյունքներին:

Ըստ Վ. Ավանեսյանի՝ ՎՊ արձանագրության մեջ նշված է, որ 100 մլն դրամով ձեռք բերված բիոզուգարանները տեղադրված չեն եւ չեն աշխատում, այսինքն՝ ծախսի անարդյունավետության հիմնական պատճառ նշվել է չաշխատելու հանգամանքը: Այնինչ այսօր երկու զուգարաններն էլ տեղադրված են եւ աշխատում են:

Ըստ Վ. Ավանեսյանի՝ այդ զուգարաններն ունեցել են կոնկրետ նպատակ, պետք է լինեն լավագույնները: Որոշակի տեղերում դրանց տեղադրումը նպաստում է զբոսաշրջության զարգացմանը, սակայն թե կոնկրետ ինչ չափով՝ Վ. Ավանեսյանն ասաց, որ հնարավոր չէ պարզել:

«Ես 100 մլն դրամով զուգարան չէի գնի, բայց դա չի նշանակում, որ մեզ զուգարաններ պետք չեն: Եթե այդ պահին որոշել են գնել, ուրեմն ճիշտ են համարել»,- ասաց Վ. Ավանեսյանը:

Նախարարն ասաց, որ հանրային զուգարանները շահույթ ստանալու նպատակ չեն հետապնդում, ու այդ տեսանկյունից իրոք կարելի է անարդյունավետ ծախս համարել: