Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը համաձայն չէ ՀՀ վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանի այն հայտարարությունը, որ պետական բյուջեի ծախսերից 700 մլրդ դրամը (ծախսերի 70%-ը) ռիսկային են: Այդ մասին Դ. Սարգսյանը հայտարարեց այսօր՝ հուլիսի 3-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ:
«Վերահսկիչ պալատի նախագահի հետ համաձայն չեմ մի շարք պատճառներով: Նախ՝ այդքան գնումներ չունենք: Գնումների պլանը, որ հաստատում ենք տարվա սկզբին, ընդհանուր առմամբ 262 մլրդ դրամ է: Դա միայն պետական բյուջեով ուղղակիորեն ծախսվող գումարներն են, որին պետք է ավելացնել վարկային (միջազգային) ծրագրերով ծախսվողները, որից հետո կկազմի 445 մլրդ դրամ: Դրա 130 մլրդ դրամը աշխատավարձ է՝ հանրակրթական դպրոցների ուսուցիչների, պոլիկլինիկաների բժիշկների: Աշխատավարձը հանենք՝ մնում է՝ 300-310 մլրդ դրամ»,- ասաց Դ. Սարգսյանը: Նրա ներկայացմամբ՝ բյուջեի համատարած ռիսկայնության մասին խոսել չի կարելի, թեեւ, իհարկե, կան խնդիրներ:
Բացի այդ՝ ֆինանսների նախարարությունն ունի վերահսկողական տեսչություն, որը նույնպես ամեն տարի ստուգումներ է իրականացնում ու որոշակի խնդիրներ բացահայտում է: Օրինակ՝ 2012 թ. ֆինանսների նախարարության տեսչությունը 2012 թ. խնդրահարույց է համարել 2.2 մլրդ դրամի ծախսեր, իսկ ՎՊ-ն՝ 1.3 մլրդ դրամի: Ֆինանսների նախարարի ներկայացմամբ՝ իրենց տեսչության եւ ՎՊ ուսումնասիրություններով հայտնաբերած խախտումների ծավալները միշտ մոտ են իրար:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am





























