Կրթության համակարգում հափշտակումների, յուրացումների մասին խոսել տեղին չէ: Այդ մասին այսօր՝ հուլիսի 3-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը՝ հավելելով, որ Վերահսկիչ պալատի կողմից ամենաուսումնասիրվածը անցյալ տարի եղել է ՀՀ կրթության եւ գիտության նախարարությունը:
Նրա խոսքով՝ ՎՊ եզրահանգումների մի մասն ընդունել են, մյուս մասի վերաբերյալ ունեցել են առարկություններ: ՎՊ-ն 4 խոշոր ծրագրերով ուսումնասիրություններ է կատարել՝ Համաշխարհային բանկի վարկային ծրագիր, Եվրամիության աջակցության ծրագիր, դպրոցներում ինտերնետի ապահովման եւ ավագ դպրոցների գործունեության ծրագրեր;
Ա. Աշոտյանն ասաց, որ ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանը դրական է գնահատել կրթության եւ գիտության ոլորտում կատարած աշխատանքները եւ նախորդ ստուգումների համեմատ ընդունել է տեսանելի դրական տեղաշարժը:
Մասնավորապես՝ դպրոցներում ինտերնետի սարքավորումների մրցույթի արդյունքում սարքավորումները ստացվել են 2011 թ. վերջում, հետեւաբար՝ հնարավորություն չի եղել այն տեղադրել 2011 թ., ինչն արձանագրել է ՎՊ-ն: Սակայն սարքավորումներն ամբողջությամբ տեղադրվել են 2012 թ. ընթացքում; Ա. Աշոտյանի տեղեկացմամբ՝ ինտերնետ-կապի որակը, արագությունը եւ ծավալը 2012 թ. կտրուկ աճել է, բացի այդ՝ դպրոցները ապահովվել են պահուստային ինտերնետի այլ տարբերակներով՝ 3G մոդելներ եւ այլն: Ա. Աշոտյանի տեղեկացմամբ՝ 400-ից ավելի դպրոցներ ուշացումով են միացվել ինտերնետ ցանցին, ինչի արդյունքում 30 մլն դրամից ավելի խնայողություն էր առաջացել, ինչը ցանկացել են օգտագործել քոլեջներին եւ ուսումնարաններին ինտերնետով ապահովելու համար, սակայն ՎՊ-ն պնդել է գումարը վերականգնել պետական բյուջե:
ԵՄ ծրագրի շրջանակներում 4 քոլեջներում իրականացվել են շինարարական աշխատանքներ, ու ՎՊ-ն որոշակի հավելագրումներ եւ անորակ աշխատաննքեր է արձանագրել: Սակայն , ըստ Ա. Աշոտյանի, այդ խախտումները ընդհանուր ծավալի 1,5-2%-ը չեն գերազանցել, վերականգնվել են բյուջե, իսկ մի կապալառու վիճարկել է ՎՊ եզրակացությունը:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am





























