Թուրքիայի ազգային մեծ ժողովի նախագահի ընտրություններում 3-րդ փուլում վերընտրվել է «Արդարություն եւ զարգացում» (AKP) կուսակցության անդամ Ջեմիլ Չիչեքը։
Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի խորհրդարանում միայն 3-րդ փուլում է հաջողվել Ջեմիլ Չիչեքին վերընտրվել խորհրդարանի նախագահի պաշտոնում՝ ստանալով նիստին մասնակցող 477 պատգամավորներից 299-ի քվեն։
Ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական» կուսակցությունից առաջադրված Օսման Քորություրքն ստացել էր 109, «Ազգայնական շարժում» կուսակցությունից առաջադրված Ֆարուք Բալը՝ 47 քվե։
Ջեմիլի Չիչեքի վերընտրվելուն աջակցել են քրդական «Խաղաղություն եւ ժողովրդավարություն» կուսակցության 12 պատգամավոր։
Նշենք, որ 2011-ին քրդական «Խաղաղություն եւ ժողովրդավարություն» կուսակցության պատգամավորները բոյկոտել էին խորհրդարանի խոսնակի ընտրությունները։
Հիշեցնենք, որ ր Ջեմիլ Չիչեքը հայտնի է իր հակահայ պահվածքով: Նա է եղել Արդարադատության նախարար, երբ Հրանտ Դինքի դեմ տխրահռչակ 301-րդ հոդվածով դատական գործ են հարուցել, որից շատ չանցած Հրանտ Դինքը «Ակոս»-ի խմբագրության դիմաց սպանվեց:
Ջեմիլ Չիչեքի վախը հայերի նկատմամբ արտահայտվել էր նաեւ 2009-ին, երբ Թուրքիայում մարտի 29-ի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ընթացքում Իգդիրում 85 տարի անընդմեջ ազերի քաղաքապետերից հետո առաջին անգամ քուրդը դարձավ քաղաքապետ։ Ջեմիլ Չիչեքը այն ժամանակ հետեւյալ կերպ էր արտահայտվել. «Քրդերը հաստատվեցին Հայաստանի հետ սահմանին»։
Արթուր Հակոբյան




























