Բյուջեն թալանված չէ: Այդ մասին այսօր՝ հուլիսի 3-ին, հայտարարեց ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը՝ անդրադառնալով ՀՀ Ազգային Ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի ԱԺ-ում հնչեցրած այն քննադատությանը, որ բյուջեն թալանում են:

«Ընդհանրապես ԱԺ նախագահի, կամ մեկ այլ քաղաքական գործչի կարծիքների մեկնաբանությունը ինձնից չպահանջեք, քաղաքական գործիչների մեկնաբանություններ կարող եք ստանալ իրենցից: Հայտնում եմ իմ անձնական քաղաքական կարծիքը՝ բյուջեն թալանված չէ»,- ասաց Ա. Աշոտյանը:

Հարցին, թե արդյոք ԱԺ նախագահ Հ. Աբրահամյանի հայտնի հայտարարություններից հետո ՀՀԿ-ում ներքին խմորումներ չեն առաջացե՞լ, նախարարը պատասխանեց. «Կոռեկտ չեմ համարում նիստից առաջ կարծիք հայտնել ասուլիսում, որը հրավիրված է կառավարության շենքում: Առիթ կունենամ հայտնել սեփական կարծիքս: Հանրապետական կուսակցությունը կլոնների կուսակցություն չէ, անհատների եւ անհատականությունների կուսակցություն է, մեզ միավորում են ավելի կարեւոր բաներ, քան մեզ զանազանում կամ տարանջատում են: ՀՀԿ-ն ամենակայուն եւ կանխատեսելի քաղաքական ճակատագրով քաղաքական ուժերից է»,- ասաց Ա. Աշոտյանը:

Նրա խոսքով՝ իշխանությունն իր մեջ պետք է ստեղծի բազմակարծության ավելի մեծ հնարավորություններ՝ քննարկումների եւ առաջընթացի համար: Սակայն այն ընդունելի է մինչեւ որոշումների կայացման էտապը:

Լուսանկարը՝  Արսեն Սարգսյանի/NEWS.am