Հուլիսի 3-6-ը Սանկտ Պետերբուրգում անցկացվող Երեւանի օրերին մասնակցելու նպատակով Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի գլխավորած պատվիրակությունն այցելել է ՌԴ hյուսիսային մայրաքաղաք:
Քաղաքապետարանի մամուլի ծառայությունից հայտնում են, որ հուլիսի 3-ին Տարոն Մարգարյանը նախ այցելել է Պետրոպավլովյան ամրոց, շրջել ու ծանոթացել է Սանկտ Պետերբուրգի պատմության թանգարանի մասը կազմող ամրոցի տարածքին:
Այնուհետ տանտերերը քաղաքապետին հրավիրել են ամրոցի Նարիշկինի աշտարակ, որտեղից ամեն օր թնդանոթային համազարկով ազդարարվում է կեսօրը:
Այս ավանդույթն, ի դեպ, սկիզբ է առել դեռեւս Պետրոս Առաջինի կառավարման ժամանակաշրջանից: Ժամանակ առ ժամանակ թնդանոթային համազարկի իրավունքը վերապահվում է նաեւ Սանկտ Պետերբուրգի պատվավոր հյուրերին: Հուլիսի 3-ի կեսօրյա համազարկի իրականացման իրավունքը վերապահվել է Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին:
Ի հիշատակ իրականացված համազարկի, թանգարանի տնօրինությունը թնդանոթի արդեն կրակած պարկուճը՝ համապատասխան գրառումով, նվիրել է Տարոն Մարգարյանին:




























