Երեւանի ջրային տնտեսությունում նախատեսում են մինչեւ 22 միլիոն դոլարի վարկային եւ դրամաշնորհային միջոցներ ներդնել:  NEWS.am-ի թղթակցին «Երեւան Ջուր» ՓԲԸ-ի պայմանագրերի կառավարման եւ իրավաբանական հարցերով տնօրեն  Արտակ Մալխասյանը հայտնել է, որ Հայաստանի կառավարության եւ EBRD-ի միջեւ 7 միլիոն դոլար վարկի վերաբերյալ համաձայնագիրը կարող է ստորագրվել մինչեւ հուլիսի վերջ: Այսպես թե այնպես, բանակցություններն արդեն ավարտվում են:  Ենթադրվում է, որ ծրագրի իրականացումը վերահսկելու է Երեւանի քաղաքապետարանը:

Ըստ EBRD կայքի տեղեկության՝  բանկը մյուս 7 միլիոն դոլարը վարկի տեսքով պատրաստվում է խնդրել Եվրոպական հարեւանության քաղաքականության Ներդրումային գործիքից: Հայաստանի կառավարության եւ ֆինանսական այլ աղբյուրների համաֆինասավորումը հաշվի առնելով՝ ծրագրի ընդհանուր ծավալը կարող է կազմել 21,94 միլիոն դոլար: Ծրագրի ֆինանսավորման հնարավորությունը դիտարկում է  Եվրոպական ներդրումային բանկը: 

Վարկային ծրագրի աշխատանքներն ընդգրկելու են քոթեջային թաղամասերում ջրատար համակարգերի վերանորոգումը, ինչպես նաեւ խողովակատարից սեփական տան համակարգին միանալու հնարավորությունը: «Այդպիսով, սեփականատերերի հետ կտարանջատենք ենթակառուցի համար պատասխանատվությունը», – պարզաբանել է Մալխասյանը: Նախատեսում են կատարելագործել 25-30 հազար սեփական տների ենթակառույցները («Երեւան Ջրի» սպասարկման գոտում թիվը 85 հազար է):

Ծրագրի շրջանակում նախատեսվում են նաեւ ջրամատակարարման համակարգի հատվածավորման աշխատանքներ: