Հայաստանում գործազրկության մակարդակը նվազել է միայն ձեւականորեն: Այդ մասին հուլիսի 3-ին հայտարարել է Հայաստանի Գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը:
Նրա խոսքով, 2013թ. առաջին կիսամյակում Հայաստանի տնտեսության մեջ լուրջ փոփոխություններ չեն եղել: «Գործազուրկների թիվը նվազել է 30 հազարով: Բայց այդ նվազումը միայն ձեւական բնույթ է կրում, քանի որ գործազուրկների մի մասը լքել է Հայաստանը»,- ասել է մասնագետը: Նա նշել է, որ, ցավոք, որոշակի շրջանակներ հակված են ուշադրություն դարձնել միայն ցուցանիշի ձեւական նվազման վրա:
Մակարյանի կարծիքով, գազի եւ էլեկտրաէներգիայի թանկացումը առավել ուժգին կզսպի Հայաստանի տնտեսական զարգացումը: Ընդ որում, արդեն մի քանի ամսից ակնհայտ կդառնան թանկացման բացասական հետեւանքները:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am





























