Թուրքական մամուլը կրկին անդրադարձել է դատարանի կողմից հունիսի 6-ին «Գեզի» այգու վերակառուցման ծրագրի դադարեցման որոշմանը։
Թուրքական Sozcu պարբերականի փոխանցմամբ՝ 2013 թվականի հունիսի 6-ին Ստամբուլի 6-րդ վարչական դատարանը որոշում էր կայացրել դադարեցնել «Գեզի» այգին «Հրետանային զորանոցի» վերածելու ծրագիրը։
Թուրքիայի մշակույթի եւ տուրիզմի նախարարությունը բողոքարկել է վարչական 6-րդ դատարանի վճիռը, սակայն վարչական 1-ին դատարանն անփոփոխ է թողել թողել ծրագրի դադարեցման որոշումը։
Հիշեցնենք, որ Ստամբուլի քաղաքային իշխանությունները որոշել են «Գեզի» այգու ծառերի մի մասը կտրել՝ այգու այդ հատվածում շինություն կառուցելու համար, ինչին դեմ են դուրս եկել մի շարք արվեստագետներ, պատգամավոր եւ հասարակական գործիչներ։ Այդուհանդերձ, վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, թե որոշումն ընդունված է եւ այգին քանդվելու է։
Մայիսի 31-ի առավոտյան ոստիկանությունը դաժան մեթոդներով ցրել է այգում հերթապահություն անող քաղաքացիներին: Սա մեծ իրարանցում է առաջացրել ոչ միայն Ստամբուլում, այլ ամբողջ Թուրքիայում` առիթ դառնալով լայնամասշտաբ բախումների:
Իշխանությունները հետագա բախումներից խուսափելու համար հայտարարել են, որ «Գեզի» այգին վերականգնվելու է։




























