Հյուսիսային Կովկասի գրոհայինների պարագլուխ Դոկու Ումարովն իր կողմնակիցներին կոչ է արել խափանել Սոչիում կայանալիք Ձմեռային օլիմպիադան:

«Սատանիստական խաղեր իրական մահմեդականների ոսկորների վրա»,- այսպես է չեչեն գրոհայինների առաջնորդը բնութագրել Օլիմպիադան՝ ծայրահեղական կայքերից մեկում հայտնված ուղերձում:

Նա հայտարարել է, թե չեղյալ է հայտարարում Ռուսաստանում պայթյունների կազմակերպման մորատորիումը: Անցած տարվա սկզբին նա կոչ էր արել դադարեցնել պայթյունները, սակայն Մոսկվայում, ըստ Ումարովի, դա գնահատել են որպես թուլության նշան: Այժմ նա խոստանում է վերսկսել ահաբեկչությունները եւ դրանց համար օգտագործել «Ալլահի թույլատրած բոլոր մեթոդները»:

Ռուսաստանյան հատուկ ծառայությունները, մեկնաբանելով Ումարովի հայտարարությունը, նշել են, որ հնարավոր սպառնալիքների մասին ողջ տեղեկատվությունը մշակվում է եւ համապատասխան միջոցառումներ են ձեռնարկվում: