Հայկական բանտերի ամենամեծ խնդիրը շարունակում է մնալ գերբեռնվածությունը: Այս մասին հուլիսի 4-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստանի օմբուդսմեն Կարեն Անդրեասյանը՝ ներկայացնելով այսօր իր եւ Մեծ Բրիտանայի դեսպանի՝ «Նուբարաշեն» ՔԿՀ կատարած այցի արդյունքները:

«Այսօր անգամ բանտարկյալների մի մասը չի հանդիպել դեսպանին, քանի որ քնած էր՝ նրանց քնելու հերթն էր»,-նկատել էմ արդու իրավունքների պաշտպանը: «Հոտը, աղքատության մակարդակն ու նմանատիպ բաները շատ վատ են, սակայն դրանք չես համեմատի հերթով քնելու հետ: Դա անմարդկային վերաբերմունքի դրսեւորում է»,-ընդգծել է նա:

Ընդհանուր առմամբ, նա առանձնացրել է համակարգային բնույթի երեք խնդիր՝ քրեակատարողական համակարգի ոչ բավարար քանակով ֆինանսավորում, կոռուպցիա, եւ ամենակարեւորը՝ սակայն որի մասին գերադասում են լռել. Դեռեւս ԽՍՀՄ-ից մնացած քրեական աշխարհի օրենքներն են, որոնք հետո բանտերից տարածվում են հասարակությունում եւ բանակում: «Դա նման է հավի եւ ձվի պատմությանը»,-ընդգծել է օմբուդմենը:

Կարեն Անդրեասյանը նաեւ ընդգծել է, որ որոշ առումներով իր ամենամյա զեկույցները կրկնվում են. «Դա հասկանալի է: Նախորդ զեկույցներում նշված խնդիրների հետեւություններ չեն արվել: Որպես արդյունք՝ խնդիրը մնում եւ արտացոլվում է զեկույցում»: