Հայ ազգային կոնգրես կուսակցության տնտեսական հանձնաժողովը սեպտեմբերին կավարտի իր ծավալուն ուսումնասիրությունը, որում կներկայացի, թե իշխանությունը ինչքան գումար է թալանել։ Այս մասին այսօր՝ հուլիսի 4-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հայ ազգային կոնգրես խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը։

Նա չի կարծում, թե ընդդիմությունը պառակտվել, թուլացել է, քանի որ այն, ինչ կատարվեց ԱԺ-ում, հակառակն է ցույց տալիս, «առաջին անգամ բոլոր չորս խմբակցությունները կարեւորագույն հարցերում իրար աջակցելով քվեարկել են Կառավարոթյան դեմ»։ Լեւոն Զուրաբյանի կարծիքով՝  ՀԱԿ-ը ավելի շատ ոչ թե ընդդիմություն է, այլ դիմադրության շարժում, որովհետեւ ՀԱԿ-ը ամբողջությամբ չի ընդունում այն ռեժիմը, որը ստեղծված է  Հայաստանում, կաշկանդված չէ որեւէ բնագավառում իշխանությանը քննադատելուց։ «Ժողովուրդը հասկանում է, որ իշխանությունը փորձելէ կասեցնել դիմադրության շարժումը։ ճգնաժամային կառավարումը երկար տեւել չի կարող, իրավիճակը Հայաստանի ռեժիմի համար կառավարելի չէ»,- ասաց նա՝ հավելելով, որ ՀԱԿ-ը փորձելու է թավշյա հեղափոխության սցենարով անել բոլոր պրոցեսները։

Լուսանկարը՝  Արսեն Սարգսյանի/NEWS.am