Սանկտ Պետերբուրգում մեկնարկած Երեւանի օրերի շրջանակում Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն այցելել է Էրմիտաժ: Պետական թանգարանի տնօրեն Միխայիլ Պիատրովսկին, դիմավորելով քաղաքապետ Տարոն Մարգարյանին, առաջարկել է նախ կարճ էքսկուրս կատարել աշխարհահռչակ թանգարանի որոշ ցուցասրահներում:

Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, թե հյուրընկալ տանտիրոջ իրավունքով, Միխայիլ Պիատրովսկին անձամբ ուղեկցել եւ Տարոն Մարգարյանին ու քաղաքապետին ուղեկցող երեւանյան պատվիրակության անդամներին է ներկայացրել թանգարանի մշտական ցուցադրությունների հարուստ հավաքածուների որոշ նմուշները: Անդրադարձ կատարելով Էրմիտաժի մեկուկեսդարյա պատմությանը՝ աշխարհահռչակ թանգարանի տնօրենը տեղեկացրել է, որ ներկայում Էրմիտաժում պահպանվում են ավելի քան երեք միլիոն մշակութային արժեքներ:

Այնուհետ Միխայիլ Պիատրովսկին քաղաքապետ Տարոն Մարգարյանին ուղեկցել է Էրմիտաժի «Ուրարտու» մշակույթի եւ արվեստի ցուցասրահ, որտեղ ներկայացված էին Ուրարտական ժամանակաշրջանի բացառիկ ցուցանմուշներ:

Թանգարանի տնօրենի հավաստմամբ՝ ներկայացված ցուցանմուշների մեծ մասն իսկապես բացառիկ են եւ իրենց ուրույն տեղն են գրավում աշխարհահռչակ թանգարանի հարուստ հավաքածուում:

Ուրարտական ցուցանմուշների դիտումից  հետո Միխայիլ Պիատրովսկին քաղաքապետին հրավիրել է ծանոթանալու նաեւ Էրմիտաժի Հայկական մշակույթի մշտական ցուցասրահում ներկայացված բացառիկ արժեքներին:

Ներկայացված ցուցադրությունները դիտելուց հետո, քաղաքապետ Տարոն Մարգարյանը շնորհակալություն է հայտնել Միխայիլ Պիատրովսկուն ջերմ ընդունելության ու ցուցանմուշներն անձամբ ներկայացնելու, ինչպես նաեւ Էրմիտաժում հայկական մշակութային արժեքների նկատմամբ ցուցաբերվող վերաբերմունքի համար: