Եգիպտոսի տպագրատունը, որը պատկանում է պետական «Ալ Ահրամ» մեդիահոլդինգին, հուլիսի 4-ին հրաժարվել է «Մահմեդական եղբայրների» քաղաքական թեւի՝ «Ազատության եւ արդարության» կուսակցության  թերթը տպագրելուց: Այս մասին հաղորդվում է կուսակցության կայքում:

«Տպագրատունն առաջնորդվում է իշխանություններից ստացած հրահանգներով», - ասված է հաղորդագրությունում:

Հիշեցնենք, հուլիսի 3-ին՝ իսլամիստ նախագահ Մուհամեդ Մուրսիին պաշտոնանկ անելուց հետո, դադարեցվել էր «Մահմեդական եղբայրների» «Եգիպտոս 25» , ինչպես նաեւ իսլամիստների եւս հինգ հեռուստաալիքների հեռարձակումը:

Այսկերպ, ռազմական իշխանություններն իսլամիստներին փաստացի զրկել են տեղեկատվական որեւէ աջակցությունից՝ հաշվի առնելով, որ պետական եւ ազատական հեռուստաալիքները նրանց ելույթների համար ասպարեզ չեն տրամադրում: