Հայաստանի Սահմանադրությունը հստակ կարգավորում է իրավական բոլոր հարաբերությունները, իշխանության տաբեր ճյուղերի միջեւ իրական հակակշիռներ են ամրագրված: Այս մասին NEWS.am-ին ասաց ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը` շնորհավորելով բոլորին Սահմանադրության օրվա կապակցությամբ:
Նրա խոսքով` Հայաստանի Սահմանադրությունում ամրագրված են մարդու իրավունքների, քաղաքացու սոցիալական եւ իրավական պաշտպանության պաշտպանության բոլոր հստակ մեխանիզմները, սակայն թիվ 1 խնդիրը մնում է պարզել` գործում է երկրի գլխավոր օրենքը, թե ոչ: «Ցավոք, ես ինքս էլ տարեց տարի ավելի պակաս վստահությամբ կարող եմ ասել, որ մեր Սահմանադրությունը լիարժեք է գործում: Այսօրվա դրությամբ չենք կարող պնդել, որ իշխանության ճյուղերի միջեւ զսպումների իրական մեխանիզմներ են գործում»,-նշեց Նաիրա Զոհրաբյանը` ընդգծելով, որ Սահմանադրության օրը պետք է ոչ միայն շնորհավորել միմյանց, այլ մտածել, թե ինչ պետք է անի յուրաքանչյուրը, որպեսզի Սահմանադրությունն ու բոլոր օրենքները երկրում գործեն պատշաճ կերպով:
Հայաստանը Սահմանադրության օրը նշում է հուլիսի 5 –ին:





























