Երեւանի օրերի շրջանակում Սանկտ Պետերբուրգի Բուսաբանության ինստիտուտում հանդիսավորությամբ բացվել է կենսաբանական գիտությունների դոկտոր, ակադեմիկոս Արմեն Թախտաջյանի կիսանդրին:

Երեւանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունից հայտնում են, որ բացման պատիվը վերապահվել էր Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին:

Կիսանդրու տեղադրման վայրի ընտրման հարցում հաշվի էր առնվել այն հանգամանքը, որ հայազգի ակադեմիկոսը երկար տարիներ ղեկավարել է Բուսաբանության ինստիտուտը, ինչպես նաեւ եղել է Ռուսաստանի Բուսաբանների միության նախագահը: Բացման արարողությանը ներկա գտնվողները, որոնց շարքում գերակշռում էին ակադեմիկոսի գործընկերներն ու մտերիմները, իրենց խոսքում արձանագրել են, որ Արմեն Թախտաջյանն իսկապես անուրանալի ավանդ է ունեցել գիտական այդ ճյուղի զարգացման գործում, եւ որ նրա կիսանդրին իսկապես արժանիորեն է տեղադրվել ինստիտուտում:

Կիսանդրու բացմանը մասնակցել են նաեւ ակադեմիկոսի որդին եւ դուստրը, ովքեր, օգտվելով առիթից, շնորհակալություն են հայտնել քաղաքապետ Տարոն Մարգարյանին միջոցառմանը մասնակցելու համար: