ՀՀԿ խմբակցության պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի ծննդյան 57-ամյակին ընդառաջ լույս է տեսել նրա անցած ճանապարհին նվիրված «Զորավարը»  գիրքը: Մանվել Գրիգորյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ այս գիրքն անձնականացնում է այնքանով, որ գրքում տեղ է գտել իր եւ իր մարտական ընկերների  անցած  միասնական ճանապարհը:

«Այս գիրքը մի համարեք գիրք Մանվել Գրիգորյանի մասին: Սա գիրք է արցախյան հերոսամարտի մասին, հայ քաջերի մասին, որ կռվեցին, վիրավորվեցին, զոհվեցին, բայց հաղթեցին, պաշտպանեցին հող հայրենին, ազատագրեցին տարածքներ: Այս գիրքը նվիրվում է այն տղաների հիշատակին, ովքեր կյանքի գնով կայացրեցին Հայաստանի Հանրապետությունն ու Արցախ պետությունը: Այստեղ անուն առ անուն հիշատակվում են մեր հերոս տղաները:

Սերունդները պետք է դաստիարակվեն այսպիսի գրքերով: Մենք մեր մարտական ընկերների զոհված վայրերում հուշարձաններ ենք կանգնեցրել: Հայ մարդն իրավունք չունի չհիշել իր լեգենդար հերոսներին: Նաեւ այդ տղաների անունները հիշելով է, որ խոնարհվում ենք մեր սպարապետի շիրիմի առջեւ, մեր պատմության առջեւ»,- նշեց Մանվել Գրիգորյանը:

«Արցախը մեր անունն է, Հայաստանը՝ ազգանունը: Ուրեմն պարտավոր ենք միասնաբար տեր կանգնել մեր երկրին: Մեր հզորությունը մեր միասնության մեջ է: Այս գիրքը միշտ միասնական լինելու կոչ է մեր ժողովրդին՝ աշխարհասփյուռ հայությանը»,- ավելացրեց Մանվել Գրիգորյանը: 

«Զորավարը»  գիրքը տպվել է 2 հազար օրինակով եւ միայն նվիրվելու է: Հեղինակն է  Հակոբ Հակոբյանը: Գրքում ներառված են նաեւ Մանվել Գրիգորյանի մտորումները, որոնցից մի քանիսը ներկայացնում ենք ստորեւ.

-Պատերազմի դաշտում մենք ամեն ինչի պատրաստ էինք, բացի երկու բանից ` դավաճանությունից եւ երեխա բերելուց:

-Թող վրեքներս չլացեն, ինչքան ուզում է թող խոսեն:

-Ով տալու բան ունի, թող իրենց տնից տա: Ում տալու տեղը չի ցավում` թող էթա տա: Ով ուզում ա տա, ուրեմն լավ տալու տեղ ունի: