Պաշտոնական այցով Սանկտ Պետերբուրգում գտնվող Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի գլխավորած պատվիրակությունն այցելել է Սանկտ Պետերբուրգի Հայ առաքելական Սուրբ Կատարինե եկեղեցի:

Եկեղեցու հոգեւոր հովիվ  Տեր Սարգիս քահանա Չոփուրյանը ներկայացրել է դեռեւս 19-րդ դարի կեսերին կառուցված հայկական եկեղեցու պատմությունը: Եկատերինա 2-րդ կայսրուհու օրոք Պետերբուրգի հայ համայնքի ղեկավար, ականավոր պետական գործիչ Հովհաննես Լազարյանի նախաձեռնությամբ եւ ողջ հայ համայնքի նվիրատվություններով կառուցված եկեղեցին, Տեր Սարգիս քահանայի հավաստմամբ, այսօր Սանկտ Պետերբուրգում բնակվող ավելի քան 25000 հայերի համար հանդիսանում է նաեւ ազգային մշակույթի հոգեւոր կենտրոն:

Նա նաեւ հավելել է, որ շուրջ երեքդարյա պատմություն ունեցող եկեղեցին պետերբուրգյան հայ համայնքի համախմբման գործում այսօր լուրջ դերակատարում ունի: Ի դեպ, Եկատերինա 2-րդ կայսրուհին երկու անգամ անձամբ է մասնակցել Հայ առաքելական եկեղեցում մատուցվող Սուրբ պատարագին:

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հոգեւոր հովվի ուղեկցությամբ շրջել եւ ծանոթացել է նաեւ եկեղեցու հարակից տարածքում գտնվող Սանկտ Պետերբուրգի Լազարյանի անվան կրթադաստիարակչական կենտրոնի պայմաններին:

Ներկայացնելով կենտրոնի կողմից կազմակերպվող աշխատանքները՝ Տեր Սարգիս քահանա Չոփուրյանը նաեւ նշել է, որ մինչ կրթադաստիարակչական կենտրոնի կարգավիճակ ստանալը, այն գործել է որպես Հայ առաքելական եկեղեցուն կից կիրակնօրյա դպրոց: