Հայաստանի հատուկ քննչական ծառայությունում ավարտվել է Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայության աշխատակից Սոս Օհանյանի նկատմամբ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Վերջինս 2013թ. մայիսի 14-ին Երեւան քաղաքի Նուբարաշենի խճուղում ոչ սթափ վիճակում ստեղծել է վթարային իրադրություն` բախվելով ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության Էրեբունիի բաժնի աշխատակից Ռոբերտ Աբրահամյանի վարած «Ֆիատ» եւ Արթուր Մանուկյանի վարած «Օպել» ավտոմեքենաներին:
ՀՔԾ մամուլի ծառայությունից հայտնում են, որ վթարի հետեւանքով «Ֆիատ» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Ռոբերտ Աբրահամյանը ստացած մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Էրեբունի» ԲԿ, որտեղ գիտակցության չգալով մահացել է, իսկ «Օպել» մակնիշի ուղեւոր Տարիել Քիշմիրյանը ստացել է մարմնական վնասվածքներ, որոնք վերջինիս առողջությանը պատճառել են ծանր վնաս` կյանքին վտանգ սպառնացող:
Սոս Օհանյանը մեղադրվել է ՀՀ ՔՕ-ի 242-րդ հոդվածի 2-րդ մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը:
Քրեական գործը, մեղադրական եզրակացությամբ, հանձնվել է նախաքննության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին` մեղադրական եզրակացությունը հաստատելու եւ քրեական գործը դատարան ուղարկելու համար:



























