Վրաստանը պատրաստ չէ Հարավային Կովկասում անվտանգության եւ կայունության հարցերի համար ընդունելի լուծումներ փնտրել Ժնեւյան քննարկումների շրջանակում: Այս մասին հուլիսի 5-ի մամուլի ասուլիսում հայտնել է Ռուսատանի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշեւիչը: 

«Դա առաջին հերթին վերաբերում է ուժ չկիրառելու հարցին», - բացատրել է Լուկաշեւիչը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Ավելի վաղ ՌԴ արտգործնախարարի  տեղակալ Գրիգորի  Կարասինը հայտնել էր, որ Մոսկվան հիասթափված է հունիսի 26-ին կայացած Ժնեւյան հանդիպումից, քանի որ վրացական կողմը հրաժարվել է  շարունակել բուն նյութի շուրջ քննարկումը՝ հայտնելով, որ դահլիճում Աբխազիայի եւ Հարավային Օսիայի բավական շատ ներկայացուցիչներ կան:

Վրաստանի ԱԳՆ-ում մեղադրել են Ռուսաստանին, Հարավային Օսիային եւ Աբխազիային ոչ կառուցողական մոտեցման համար: Վրաստանի արտգործնախարարի տեղակալ Դավիթ Զալկալիանին հայտնել է, որ վերոնշյալ երկրների կողմից  երկխոսությունների ձեւաչափը փոխելու փորձերը լուրջ վտանգ են ստեղծում Ժնեւի բանակցությունների համար, որի պատասխանատվությունը փոխնախարարը լիովին դրել է Սուխումի, Ցխինվալի եւ Ռուսաստանի ներկայացուցիչների վրա: