Մոլդովայի խորհրդարանում հնարավոր է հանձնաժողով ստեղծվի, որը քննության առարկա կդարձնի երեկ Հայաստանի խորհրդարանում Մոլդովայի օմբուդսմեն Աուրելիա Գրիգորիուի արած հայտարարությունը: Այդ մասին, այսօր՝ հուլիսի 5-ին, Երեւանում լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնել է Մոլդովայի Սահմանադրական դատարանի անդամ Վիկտոր Պոպանը, հաղորդում է Panorama.am-ը: 

«Ես երեկ կատարվածից հետո խոսել եմ Մոլդովայի խորհրդարանի ղեկավարի հետ, եւ նա ինձ լիազորել է ցավ հայտնել կատարվածի համար: Մեր ղեկավարությունը խոստանում է, որ դա կլինի քննության առարկա, որպեսզի պարզվի թե ում անունից եւ ինչ լիազորություններով էր օժտված նա նման հայտարարություն անելու համար: Այնուհետեւ պաշտոնական հայտարարություն կարվի», -հայտարարել է Պոպանը:

Նա տեղեկացրել է, որ ինքը խոսել է Հայաստանի խորհրդարանում մեր երկիրը «ագրեսոր» որակած Մոլդովայի օմբուդսմեն Աուրելիա Գրիգորիուի հետ, եւ վերջինն ասել է, որ ինքը խոսել է սառեցված հակամարտություններում մարդու իրավունքների մասին: «Ես նրան ընդդիմացել եմ` ասելով, որ խորհրդաժողովի կազմակերպիչներն իրեն այդ ելույթի հնարավորությունն են տվել, ամենայն հավանականությամբ, նկատի են ունեցել, որ Մոլդովայում եւս կա սառեցված հակամարտություն` Մերձդնեստերը, որտեղ, գաղտնիք չէ, խախտվում են մարդկանց իրավունքներ, որպեսզի սեփական փորձը ներկայացնի: Իսկ այն, ինչ նա հայտարարեց, ընդհանրապես խորհրդաժողովի թեմաների մեջ չէր մտնում», -նշել է Մոլդովայի ՍԴ անդամը` նկատելով, որ չի կարող ասել, թե ինչ պատճառով է Աուրելիա Գրիգորիուն նման հայտարարություններ արել:

Հիշեցնենք, որ հուլիսի 4-ին, Հայաստանի ԱԺ-ում ընթացող «Իրավունքի գերակայության եվրոպական չափորոշիչները և իշխանությունների հայեցողության սահմանները Եվրոպայի խորհրդի անդամ երկրներում» թեմայով համաեվրոպական խորհրդաժողովի ժամանակ Աուրելիա Գրիգորիուն մասնավորապես, հայտարարել էր, որ «Հայաստանը գրավել է Ադրբեջանի տարածքների 20 տոկոսը՝ ադրբեջանցիների նկատմամբ իրականացնելով ցեղասպանություն»: Նա նաեւ նշել է, որ Խոջալուի «ցեղասպանությունն» իրականացրել են հայերը, որն այլեւս միջազգայնորեն ճանաչված փաստ է: