Անթալիայի օդանավակայանում ձերբակալվել է ռուսաստանցի Լեոնիդ Գերասիմովը, ով Թուրքիայում հանգստանալուց հետո ցանկանում էր վերադառնալ հայրենիք: Նրան մեղադրում են երկրից թանկարժեք քար դուրս բերելու փորձի մեջ:
Ըստ Լեոնիդի կնոջ` Ալյոնա Գերասիմովայի, քարը ձեռք էին բերել շուկայում` 10 դոլարով: «Հունիսի 25-ին տուն վերադառնալիս քարը առգրավել էին մաքսակետում, ինձ աղջկաս հետ նստեցրել օդանավ՝ խոստանալով հաջորդ օրը բաց թողել ամուսնուս, սակայն մինչ այժմ դա տեղի չի ունեցել», - պատմել է նա «ՌԻԱ Նովոստիին»: Լեոնիդը գտնվում է Անթալիայից 40 կմ հեռավորության վրա` կալանքի տակ: Սկզբում նրան ձերբակալել էին երկու շաբաթով, իսկ հետո` մեկ ամսով, մինչեւ դատը:
«Ինտերֆաքսին» Անթալիայում Ռուսաստանի գլխավոր հյուպատոս Ալեքսանդր Տոլստոպյատենկոն պատմել է, որ խոսքը հնագիտական եւ պատմական արժեք ներկայացնող առարկայի մասին է: Ռուսաստանցուն կարող է սպառնալ մինչեւ 12 տարվա ազատազրկում:





























