Կահիրեի արեւելքում գտնվող Նասր-Սիթի թաղամասում հավաքվել են տասնյակ հազարավոր մարդիկ, ովքեր բողոքում են իշխանափոխության դեմ: Ընդ որում, նրանց թիվը շարունակցում է աճել, հաղորդում է «Ալ-Ջազիրա» հեռուստաալիքը:
Իսլամիստների հանրահավաքների անցկացման վայրերից ոչ հեռու տեղակայվել են բանակային ստորաբաժանումներ եւ ռազմատեխնիկա: Զինվորականները հայտարարել են, որ դա արվում է «բռնությունը կանխելու նպատակով»: «Մահմեդական-եղբայրների» առաջնորդները եւս իրենց կողմնակիցներին կոչ են անում զերծ մնալ ուժի կիրառումից, սակայն ծրագրում են չհամաձայնեցված երթով գնալ դեպի Եգիպտոսի ՊՆ, գրում է «Lenta.Ru»-ն:
Հիշեցնենք, որ ավելի վաղ «Մահմեդական-եղբայրների» ակտիվիստները հաղորդել էին, որ հուլիսի 5-ին մտադիր են հանրահավաք կազմակերպել Մուրսիի պաշտոնանկության դեմ:
Եգիպտոսում սկսվել է «մերժման ուրբաթը». Իսլամիստները բողոքում են
Իսլամիստները հայտարարել էին, որ հուլիսի 5-ը դառնալու է «Ցասման օր»՝ կոչված ցույց տալու շարժման հզորությունը եւ վերականգնելու պաշտոնանկ արված Մուրսիի լիազորությունները, իր մերձավորարեւելյան բլոգում գրում է The Guardian պարբերականը:
Ինչպես հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը բանակը մարտական պատրաստվածության է բերվել մի շարք շրջաններում, այդ թվում՝ հանգստավայրերում՝ կապված ծայրահեղական իսլամիստների հետագա գործողությունների հետ:
Հիշեցնենք, որ Եգիպտոսի ռազմական հրամանատարությունը հուլիսի 3-ի գիշերը իշխանությունից ու իր լիազորություններից զրկել է նախագահ Մուհամմեդ Մուրսիին եւ նշանակել երկրի անցումային կառավարությունը: Մուրսին եւ նրան աջակցող «Մահմեդական-եղբայրների» ղեկավարությունը ձերբակալվել է:





























