Եգիպտոսի իսլամիստները հուլիսի 5-ին «Մահմեդական եղբայրներ» շարժման ակտիվիստների ղեկավարությամբ Մուրսիի պաշտոնանկության դեմ ցույցեր կանցկացնեն: Ցույցերը նախատեսված են մի քանի քաղաքներում: Մուրսիին պաշտոնանկ անելուց հետո ստեղծված «Ազգային ճակատ` հանուն օրինականության» շարժումը իսլամիստներին կոչ է արել խաղաղ ցույց անցկացնել «Մերժման ուրբաթ» անվանմամբ եւ «ոչ ասել զինված ուժերի կողմից իշխանության զավթմանը», հաղորդում է «Ռոսբալտը»:
Նախօրեին «Մահմեդական եղբայրների» մամուլի քարտուղար Ջիհադ ալ Հադադը հայտնել էր, որ շարժումը հրաժարվում է համագործակցել նոր վարչակարգի հետ, քանի որ իշխանափոխությունն անօրինական է համարում: Ելույթ ունենալով մամուլի ասուլիսում` ալ Հադադը Եգիպտոսում կատարվածն անվանել էր ռազմական հեղաշրջում եւ պահանջել անմիջապես ազատ արձակել պաշտոնանկ արված նախագահ Մուհամեդ Մուրսիին եւ «Մահմեդական եղբայրների» մյուս առաջնորդներին, գրում է NEWSru.co.il-ը:
Միաժամանակ, Եգիպտոսի նախագահին պաշտոնանկ արած բանակը երաշխավորել է խոսքի եւ բողոքների ազատությունը: Այդ մասին նրանք գրել են իրենց Facebook-յան պաշտոնական էջում:
Գիզայում արդեն բախումներ են սկսվել: Տեղեկություն է ստացվել, որ 25 զրահամեքենաներ են ուղեւորվել Շարքիա նահանգի Զակազիկ քաղաք, հաղորդում է «АН-online»-ը:
Նախօրեին Մուրսիի կողմնակիցները Կահիրեի Ան-Նահդա հրապարակում բախվել էին զինվորականների ու ոստիկանների հետ: Մի քանի ցուցարարներ բարձրացել էին զրահամեքենաների վրա եւ բանակի հրամանատարության դեմ ուղղված կարգախոսներ հնչեցրել: Զինվորականները ցուցարարներին ցրելու համար օդ էին կրակել:
Կահիրեի համալսարանում բախումներ են սկսվել Մուրսիի կողմնակիցների եւ զինվորականների միջեւ





























