Վահե Հակոբյանը ոչ միայն սյունեցի է, այլ 15 տարվա իմ լավագույն ընկերներից մեկը. ես եւ ողջունում եմ հանրապետության նախագահի որոշումը, եւ շնորհավորում եմ իմ ընկերոջը Սյունիքի մարզպետի պաշտոնում նշանակվելու համար:  Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Սպորտի եւ երիտասարդության հարցերի փոխնախարար Խաչիկ Ասրյանը, ում անունը եւս շրջանառվում էր Սյունիքի մարզպետի պաշտոնին:

Նա նշեց, որ 15 տարուց ավել ճանաչում է Վահե Հակոբյանին, նրա ընտանիքին, հորը` Մաքսիմ Հակոբյանին, եւ ավելի քան վստահ է, որ այն ծրագրերը, որ կիսատ են մնացել եւ այն ծրագրերը, որ ;պետք է նոր սկսվեն, ամբողջությամբ իրականցվելու են. առավել եւս, որ նրանց ընտանիքը բազմիցս եւ երկար տարիներ եղել են սյունեցիների կողքին:

Նա նշեց, որ որեւէ նեղացածության, նախանձի եւ վատ զգացողություններ չունի, որ ինքը չնշանակվեց Սյունիքի մարզպետի պաշտոնին:  «Ես շատ պրագմատիկ, իրատես մարդ եմ, ավելին` ես բազմիցս նշել եմ, որ իմ անունը շրջանառելը որոշ մարդկանց կողմից սկսված գործընթացներ են: Ասել եմ, որ իմ նշանակման հետ կապված Սերժ Սարգսյանի հետ ոչ մի քննարկում չի եղել, այդ իսկ պատճառով ինչի համար ես պետք է նեղանամ կամ վատ զգամ, ընդհակառակը, լեռնցիների խոսքով ասած` եթե ես չեմ, ուրեմն շատ ճիշտ է, որ Վահե Հակոբյանն է, եթե ես չեմ, շատ ճիշտ է, որ իմ ընկերն է»,- ասաց Խաչիկ Ասրյանը:

Նա հերքեց տեղեկությունները, թե Սուրեն Խաչատրյանի եւ Մաքսիմ Հակոբյանի միջեւ հակասություն կա, եւ այս նշանակումով այն կխորանա: «Իմ իրական տեղեկատվության արդյունքում ես վստահ եմ, որ Սուրիկ Խաչատրյանի եւ Մաքսիմ Հակոբյանի միջեւ որեւէ  հակասություն երբեւէ չի եղել, դա կարող եմ փաստել որպես վառ կամ ակտիվ եւ մտահոգված սյունեցի, որեւէ հակաություն այդ երկու անհատների, նրանց ընտանիքների միջեւ չի եղել: Ինչ վերաբերում է Սուրեն Խաչատրյանի մարզպետության ժամանակ նրա ուժեղ հատկանիշների արդյունքում ձեւավորված իշխանությանը Սյունիքում, վստահ եմ, որ Վահե Հակոբյանը ոչ պակաս է նույն ուժեղությամբ, իր բնավորությամբ, խելամտությամբ, որովհետեւ նա շատ կիրթ եւ Սյունիքի հարցերով մտահոգված մարդ է: Նրա մարզպետության ժամանակ Սյունիքում եւս լինելու է այն կազմակերպչական ունակություններով ձեւավորված իշխանությունը, որը լուրջ աշխատանքներ  է իրականացնում»,- ասաց սպորտի փոխնախարարը:` շեշտելով, որ 15 տարուց ավել ճանաչում է Վահե Հակոբյանին, գիտի նրա ինտելեկտը, կրթական մակարդակը, միաժամանակ նաեւ նրա սյունեցու դուխը, եւ վստահ է, որ դրական լուրջ արդյունքներ ցույց կտա:

Հիշեցնենք, որ NEWS.am-ը հայտնել էր, որ Սյունիքի մարզպետի պաշտոնը զբաղեցնելու է Ազգային Ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր, Քաջարանի պղնձամոլիբդենային կոմբինատի ղեկավար Մաքսիմ Հակոբյանի որդին` Վահե Հակոբյանը: Մեր տեղեկությունները ավելի ուշ հաստատվել էին. ՀՀԿ ԳՄ նիստում Սերժ Սարգսյանը առաջարկել էր նրա թեկնածությունը եւ այն ընդունվել էր միաձայն:

Նշենք, որ Վահե Հակոբյանը տարիներ շարունակ պատգամավոր է ընտրվել թիվ 38 ընտրատարածքից: Ստացվում է, որ նրա մարզպետ նշանակվելուց հետո այդ ընտրատարածքում կկայանան նոր խորհրդարանական ընտրություններ:

Հիշեցնենք, որ Սուրեն Խաչատրյանը իր տանը տեղի ունեցած հայտնի դեպքից հետո հայտարարել էր, թե ժամանակավորապես վայր է դնում մարզպետի իր լիազորությունները` մինչեւ նախաքննության ավարտը, թեեւ օրենքով նման բան նախատեսված չէ: Հունիսի 6-ին Կառավարությունն ընդունեց Սուրեն Խաչատրյանի` աշխատանքից ազատման դիմումը: Պաշտոնակատար է նշանակվել նախկին մարզպետի տեղակալ Արա Դոլունցը: Մարզպետի հավանական թեկնածուների բազմաթիվ անուններ էին շրջանառվում` Քաջարանի քաղաքապետ Վարդան Գեւորգյան, Էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյան, ՊՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Վարդան Ավետիսյան եւ այլն։