Սահմանադրության մասին հիշում ենք ոչ միայն հուլիսի 5-ին՝ Սահմանադրության օրը, այլ միշտ, քանի որ կան մշտական խնդիրներ՝ կապված Հաjաստանում սահմանադրական նորմերի կիրառման հետ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցը՝ խոսելով մարդու իրավունքների պահպանության մասին, որոնք ամրագրված են երկրի հիմնական օրենքում:

Նրա խոսքով՝ մարդու իրավունքների ոլորտում սահմանադրական դրույթները, ցավոք, չեն իրականացվում, սակայն այսօր արդիական է համրվում ոչ միայն մարդու իրավունքների հետ կապված սահմանադրական դրույթը: Ըստ Սահմանադրության առաջին հոդվածի՝ ՀՀ-ն ինքնիշխան, ժողովրդավարական, իրավական եւ սոցիալական պետություն է, սակայն այսօր կանգնած ենք ինքնիշխանության հետ կապված մարտահրավերների առաջ»,-նշել է Սաքունցը, ընդգծելով, որ տվյալ մարտահրավերները անմիջականորեն կապված են ռուսական էքսպանսիայի հետ, որն արտահայտվում է ինչպես քաղաքական, այնպես էլ ռազմական եւ տնտեսական գործոնների միջոցով:

Նրա համոզմամբ՝ Հայաստանը խնդիր ունի արտաքին քաղաքական վեկտորի զարգացման ընտրության հարցում՝ ի դեմս ԵՄ հետ Ասոցացման համաձայնագրի եւ Մաքսային միության: Իրավապաշտպանը պարզաբանել է, որ իրավական, սոցիալական եւ ժողովրդավարական պետություն լինելու վերաբերյալ սահմանադրական դրույթների բացակայությունը կամ դրանց թերությունները հանգեցրել են խնդիրների, որոնք կապված են երկրի ինքնիշխանության հետ:

Ընդգծենք, որ Հայաստանի Սահմանադրության 1-ին հոդվածի համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունը ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետություն է: Ըստ 2րդ հոդվածի՝ Հայաստանի հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին: