Ախալցխայի շրջանային դատարանի առջեւ «ավելների ակցիա» է կազմակերպվել: Դատարանի մոտ հավաքվածները բողոքել են ոստիկանության 4 աշխատակիցներին արդարացնելու որոշման դեմ: Վերջիններս մեղադրվում էին բանտարկյալների նկատմամբ անմարդկային վերաբերմունք ցուցաբերելու մեջ:

Ակցիայի մասնակիցներից ոմանք ձեռքներում պահել են իշխող «Վրացական երազանք» կոալիցիայի դրոշներ: Նրանք դատարանի դռները փակել են ավելներով եւ հավկիթներ ու լոլիկ նետել շենքի ուղղությամբ: Նետված քարերի պատճառով պատուհան է կոտրվել եւ տուժել է աշխատակիցներից մեկը:

Ինչպես հաղորդում է Գրուզիա Online-ը, ներկայումս դատարանի մոտ հանգիստ է, չնայած որ ասֆալտին նետված են հավկիթներ, լոլիկներ, ավելներ: Դատավորը ներկայումս վարում է դատական նիստ:

Վրաստանի ՆԳՆ-ում հաղորդել են, որ միջադեպի փաստի առնչությամբ քրգործ է հարուցվել:

Ինչպես գրում է «Նովոստի-Գրուզիան», խոսքը 2009թ հունվարի մեկին Բակուրիանիում տեղի ունեցած դեպքերի մասին է: Ծեծկռտուքի համար Բորժոմիի ՆԳ վարչություն էր տեղափոխվել 3 մարդ, որոնցից 1-ի նկատմամբ անմարդկային վերաբերմունք է ցուցաբերվել, այդ թվում՝ սեռական բռնություն: Ձերբակալվածին ամեն կերպ ծաղրելուց հետո նրան ազատ են արձակել:

Գործի շրջանակներում ձերբակալվել էր ՆԳ Բորժոմիի վարչության 5 աշխատակից: Հուլիսի 3-ին բոլոր մեղադրյալներն անմեղ են ճանաչվել: