Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի գլխավորած պատվիրակության կազմում Սանկտ Պետերբուրգում գտնվող Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի զարգացման եւ ներդրումային ծրագրերի վարչության պետ Արմեն Հարությունյանը, տուրիզմի բաժնի պետ Մարիա Բարաղամյանը եւ Երեւանի Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Հրայր Անտոնյանը հանդիպել են  Սանկտ Պետերբուրգի  Վասիլեօստրովսկի վարչական շրջանի աշխատակազմի ներկայացուցիչների հետ։

Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, թե Երեւանի պատվիրակության անդամներն  առաջարկել են ուսումնասիրել Երեւանի Արաբկիր եւ Սանկտ Պետերբուրգի Վասիլեօստրովսկի վարչական շրջանների ընդհանուր օգտագործման տարածքների բարեկարգման, նոր կանաչ գոտիների, շատրվանային համլիրների ստեղծման ու այս ուղղությամբ համատեղ ծրագրերի իրականացման  հնարավորությունները: 

Սանկտ Պետերբուրգի  Վասիլեօստրովսկի վարչական շրջանի աշխատակազմի ներկայացուցիչները, համագործակցության պատրաստակամություն հայտնելով,  նշել են, որ գործընթացն սկսելու համար երեւանյան կողմից վերոնշյալ ծրագրերի մասին ավելի մանրամասն տեղեկատավտություն են ակնկալում: 

Կողմերը պայմանավորվել են նշված հարցերի շուրջ առաջիկայում առավել մանրամասն քննարկումներ կազմակերպել: