Լատինամերիկյան եւ Կարիբյան ավազանի երկրների ընկերակցությունը (CELAC) եվրոպական երկրներից բացատրություն է պահանջել Բոլիվիայի նախագահ Էվո Մորալեսի օդանավի հետ կապված միջադեպի վերաբերյալ, որի համար փակել էին օդային տարածքը:
«CELAC-ը պահանջում է պարզաբանել բոլոր հանգամանքները, որոնք միջազգային իրավունքի խախտում են, եւ համապատասխան բացատրություններ տալ»,-ասված է Կազմակերպության կողմից Հավանայում տարածված հռչակագրում (Կուբան այդ կազմակերպության ժամանակավոր նախագահն է): Բացի այդ, ընկերակցությունը «լուրջ անհանգստություն» է հայտնել տեղի ունեցածի առթիվ եւ «համերաշխություն՝ նախագահ Մորալեսին եւ եղբայրական Բոլիվիայի ժողովրդին», հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
CELAC-ը ստեղծվել է 2011 թվականին Վենեսուելայում եւ միավորում է Հարավային եւ Հյուսիսային Ամերիկաների բոլոր երկրներին՝ բացառությամբ ԱՄՆ-ի եւ Կանադայի:
Ավելի վաղ Հարավամերիկյան ազգերի միության (UNASUR) երկրների բոլոր առաջնորդները պահանջել էին Ֆրանսիայի, Պորտուգալիայի, Իտալիայի եւ Իսպանիայի կառավարություններից հրապարակավ ներողություն խնդրել Բոլիվիայի նախագահ Էվո Մորալեսի օդանավի հետ կապված միջադեպի համար:
Հիշեցնենք, որ հուլիսի 3-ի գիշերը Բոլիվիայի նախագահ Էվո Մորալեսի օդանավը հարկադիր վայրէջք էր կատարել Վիեննայի օդանավակայանում, քանի որ Ֆրանսիան եւ Պորտուգալիան փակել էին իրենց օդային տարածքը: Բոլիվիայի նախագահի օդանավում փնտրել էին ԿՀՎ-ի նախկին գործակալ Էդվարդ Սնոուդենին:





























