Քենիայի խորհրդարանի անդամ Մերի Վամբուին Նյերի դատարանում խոստավանել է, որ ճանաչում է  «Արթուր եղբայրներին», բայց որպես իր «դստեր ընկերների», գրում է «Standard Digital» օնլայն պարբերականը:

Դատարանն ավելի վաղ տեղեկացել էր, որ Վամբուին խորհրդարանական կոմիտեի կողմից համարվել էր հավանական վկաներից, ով կարող էր իրավասու մարմիններին անհրաժեշտ ապացույցներ ներկայացնել, թե ինչ դեր է ունեցել «Արթուր եղբայրների» ժամանման գործում: Այդուհանդերձ, Վամբուին ասել է, որ իշխանությունների պարտականությունն է վկաներ գտնել, սակայն  ոչ մի մարմին երբեք իրեն չի դիմել` հայազգի եղբայրների մասին տեղեկատվություն ստանալու համար:

Հիշեցնենք, որ նախկինում այսպես կոչված «Արթուր եղբայրները» Քենայում ներքաշված են եղել նարկոսկանդալի մեջ: Սակայն տարօրինակ կերպով նրանց հաջողվել էր հեռանալ երկրից: Որոշ տեղեկություններով, նրանք սերտ կապեր են ունեցել  Քենիայի կառավարությունից ազդեցիկ պաշտոնյաների հետ:

Ակնուհետեւ եղբայրները, որոնք Քենիան լքել էին խարդախության եւ թմրանյութերի առեւտրի մեջ մեղադրվելուց հետո, հայտնվել էին Մալդիվներում եւ գրանցել «Artur Brothers World Connections» ընկերությունը: Արթուրների հարցն անգամ քննարկվել էր խորհրդարանում, այնուհետեւ կառավարությունը հայտարարել էր, որ նրանք լքել են երկիրը` վիազների ժամկետը լրանալուն պես: