Ադրբեջանը շարունակում է հող նախապատրաստել ` եվրոպացի դիտորդների  մասնակցությունը նախագահական ընտրություններին թույլ չտալու համար:

Ինչպես հաղորդում է  ԱՊԱ գործակալությունը ԵԱՀԿ ԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության  ղեկավար Բահար Մուրադովան «անսպասելիորեն հիշել է», որ աշնանը Չեռնոգորիայում անցկացվելիք ԵԱՀԿ ԽՎ նստաշրջանը համընկնում է Ադրբեջանի նախագահական ընտրությունների հետ: Այսպիսով, այդ կառույցի դիտորդական առաքելության այցը հարցականի տակ է լինում: Նա նշել է, որ չնայած դրան, ամառային նստաշրջանի ժամանակ ադրբեջանական պատվիրակության ղեկավարը համապատասխան առաջարկություն է արել կառուցի գլխավոր քարտուղարին: «Նշվել է, որ դիտորդական առաքելության այցը կարեւոր է, եւ այդ կապակցությամբ մենք հրավիրել ենք նրանց»,-հայտարարել է նա` խոստանալով, որ Ադրբեջանի նախագահական ընտրությունների ժամկետի հայտարարումից հետո իրենց հրավերը նաեւ գրավոր կներկայացնեն:

Հիշեցնենք, որ նախկինում Ադրբեջանն առավելագույն ջանքեր էր գործադրում` ԵԱՀԿ Բաքվի գրասենյակի կարգավիճակը նվազեցնելու համար: