Հալեպի հայաբնակ թաղամասերում այս պահի դրությամբ մարտական գործողություններ չկան: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնել են Հալեպի Հայ առաքելական եկեղեցու Բերիո թեմից` միաժամանակ չբացառելով, որ հայ համայնքում կարող են հրետակոծման հետեւանքով տուժածներ լինել:
Համաձայն վերջին տվյալների` Հալեպ քաղաքի Մասակեն Հանանու եւ Բուսթան ալ Բաշա թաղամասերում`«Ալ Հմեյաթ» հիվանդանոցի մոտակայքում, սպանվել եւ վիրավորվել են սիրիացի մեծ թվով զինյալներ: Խոշոր տրամաչափի գնդացիրներ են ոչնչացվել:
Ար-Ռաշիդին թաղամասում բանակային ստորաբաժանումը մարտի է բռնվել ընդդիմադիր զինյալների խմբի հետ, որոնցից մեծ մասը զոհվել է:
Հիշեցնենք, սիրիական կառավարական բանակը շարունակում է Սիրիայի տնտեսական մայրաքաղաք Հալեպը ընդդիմադիր զինյալներից ազատագրելու խոշոր` «Հյուսիսային փոթորիկ» ռազմական գործողությունը:





























