Համահայկական բնապահպանական ճակատի անդամները արձանագրել են «Լեռ-Էքս» ՍՊԸ-ի պոչամբարում տեղի ունեցած վթարը:
Ճակատի տարածած հաղորդագրության մեջ, մասնավորապես, ասվում է. «Հունիսի 25-ից 30-ը Համահայկական բնապահպանական ճակատի (ՀԲՃ) անդամներ Լեւոն Գալստյանը, Եղիա Ներսեսյանը, Սյուզի Պետրոսյանը գտնվում էին Սյունիքի մարզում՝ փաստագրելու մարզում առկա հանքերի ու պոչամբարների ընթացիկ վիճակը եւ բնապահպանական խնդիրները: Դրանց թվում նախատեսված էր նաեւ այց Գեղի գետի վերին հոսանքներում շահագործվող Հանքասարի հանքավայր:
Հունիսի 26-ին երեկոյան ժամը վեցից հետո բնապահպանները հասնում են հանքավայրի տարածք եւ ականատես լինում վթարային վիճակի: Նշենք, որ տվյալ հանքը շահագործվում է «Լեռ-էքս» ՍՊԸ-ի կողմից, որի հարստացուցիչ ֆաբրիկան գտնվում է լեռան կատարին, իսկ ձորի մեջ գործում է պոչամբար, որը մեր կարծիքով կառուցված է սխալ եւ գործում է խախտումներով: Ըստ պոչամբարի պահակների՝ նախորդ օրը՝ հունիսի 25-ի երեկոյան, հանքի պոչամբարի տարածքում վթար է տեղի ունեցել. պոչամբարի կողքով անցնող խողովակը, որի միջով հոսում է լեռնային գետը, պայթել է:
Բնապահպանների տեսախցիկը փաստագրել է աղետալի մի վիճակ»:





























