Հանրային խորհուրդը բավականաչափ դժվարին ճանապարհ է անցել՝ ստեղծման պահից սկսած սուր քննադատությունների ենթարկվել. Ինչպես ասում են՝ որեւէ լավ գործ առանց պարսավանքի չի մնում: Այս մասին, այսօր՝ հուլիսի 6-ին, Հանրային խորհրդի անդամների հետ հանդիպման ժամանակ նշել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը:
«Մենք պետք է սովորենք այս պայմաններում աշխատել: Ես կարծում եմ, որ մենք անցել ենք ճանապարհի այն հատվածը, որ պետք է անցնեինք միասին եւ, իրոք, աշնանը ես արդեն պատրաստ եմ լինելու Ձեր նշած օրենքի նախագիծը քննարկելու»,- ասել Է Սերժ Սարգսյանը:
Նախագահի մամուլի գրասենյակից հայտնում են, որ քննարկման է ներկայացվել ինչպես ներքին, այնպես էլ արտաքին քաղաքականությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ՝ պետական մշակութային քաղաքականության հիմնախնդիրներից ու Արարատյան դաշտավայրի ջրային պաշարներին սպառնացող վտանգից մինչեւ Երեւան քաղաքի պատմամշակութային շինությունների ժառանգության պահպանման հիմնախնդիրներ եւ հեռահաղորդակցության ոլորտի արդիականացմանն ուղղված առաջարկություններ:
Նկատի առնելով տարբեր ոլորտներ ներառող լայնընդգրկուն օրակարգը, որի հարցերից յուրաքանչյուրն, ըստ նախագահի, առանձին կարող էր դառնալ մեկ խորհրդակցության թեմա, Սերժ Սարգսյանը հույս է հայտնել, որ ներկայացված հարցերն ու դրանց վերաբերյալ նախապատրաստած փաստաթղթերը Հանրային խորհուրդը մինչ այս քննարկել է եւ կշարունակի քննարկել համապատասխան գերատեսչությունների հետ՝ փորձելով բարձրացված հիմնահարցերին արդյունավետ լուծումներ գտնելու նպատակադրմամբ օգտակար լինել այդ գերատեսչություններին:
Սերժ Սարգսյանը նշել է, որ իր հետ նման հանդիպումների, խորհրդակցությունների ժամանակ հանրությանը հետաքրքրող հարցերի բարձրացումը, ամենեւին չի նշանակում, որ Հանրային խորհուրդն ավարտել է իր գործը եւ ներկայացված հարցն արդեն նախագահի խնդիրն է. «Եթե հարցը վերաբերեր մեր արտաքին քաղաքականությանը կամ մեր ազգային անվտանգությանը, ապա ես կարող էի այդպես կարծել, բայց մնացած բոլոր դեպքերում ենթադրվում է, որ դուք շարունակելու եք նույն եռանդով այս հարցերն առաջ մղել եւ ջանքեր գործադրել, որպեսզի պետական կառույցների հետ միասին, իրոք, գտնեք մեր պետության եւ հասարակության համար ընդունելի լուծումներ»,- հանդիպման սկզբում Հանրային խորհրդի անդամներին ասել է Սերժ Սարգսյանը:
Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանն նշել է, որ աշնանն իրենք հասարակությանը եւ նախագահին կներկայացնենք չորս տարվա իրենց ամբողջ գործունեության արդյունքները: «Հուսով եմ, արդեն աշնանը կունենանք օրենք Հանրային խորհրդի մասին, համենայնդեպս, նախագիծն աշնան սկզբին կներկայացվի Ազգային ժողով», -ասել է նա:
Վազգեն Մանուկյանն իր գլխավորած կառուցի համար կարեւորել է հեղինակությունը, որ պետք է վայելի ցանկացած նման կառույց եւ դրա համար ընդգծել երեք կարեւոր գործոն՝ Հանրային խորհրդի անդամներից յուրաքանչյուրի անձնական անհատական հեղինակությունը, երկրորդ՝ թե Հանրային խորհուրդը հարցերը բարձրացնելիս որքանո՞վ է անկաշկանդ եւ ինքնուրույն, միեւնույն ժամանակ, հավասարակշռված ու ոչ պոպուլիստական:


































