Այսօր՝ հուլիսի 6-ին, տեղի ունեցավ ոստիկանության Կենտրոնականի բաժնի նոր շենքի բացումը, որը հերթական լուրջ քայլն է համակարգի ծառայությունների աշխատանքային պայմանների բարելավման, քաղաքացիներին մատուցվող ծառայությունների որակի բարձրացման ճանապարհին:
Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության Կենտրոնական բաժնի նոր վարչական շենքի բացմանը ներկա էր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
Նա շրջայց կատարեց նորաբաց վարչական շենքում, ծանոթացավ կատարված շինարարական աշխատանքներին եւ անձնակազմի համար ստեղծված աշխատանքային պայմաններին:
Նորամուտը նախեւառաջ ոգեւորությամբ են ընդունում հենց իրենք՝ ոստիկանները, քանի որ աշխատանքը նորովի եւ լիարժեք կազմակերպելու հնարավորություններ են նախանշվում:
Բաժնի նախկին շենքն անբարեկարգ էր եւ անհարմարավետ. փայտե հատակներ ու ծածկեր, ծառայության կազմակերպման եւ քաղաքացիների ընդունելության անբավարար պայմաններ, ինչը ոչ միայն անհարիր էր մայրաքաղաքային ոստիկանական բաժնին, այլեւ խանգարում էր ծառայողական պարտականությունների լիարժեք իրականացմանը:
Նորակառույց վարչական շենքը, որը զբաղեցնում է 4500 քմ ընդհանուր մակերես, ունի չորս վերգետնյա եւ մեկ ստորգետնյա հարկեր, պահպանված են շինարարական բոլոր նորմերը, շուրջ 80 հարմարավետ աշխատասենյակները հագեցված են անհրաժեշտ գրասենյակային կահույքով ու տեխնիկայով, գործում է ժամանակակից կապի համակարգ, գործառնական պահանջներին լիարժեք համապատասխանող հերթապահ մաս, նիստերի եւ խորհրդակցությունների դահլիճ, անձնագրային ծառայության սրահ՝ այցելուների ընդունելության եւ պատշաճ սպասարկման բոլոր պայմաններով, ստորգետնյա ավտոկայանատեղի եւ այլն:
Ոստիկանության Կենտրոնականի բաժնի նորակառույց շենքի շահագործումով եւս մեկ քայլ արվեց համակարգի բարեփոխման ծրագրի իրականացման ճանապարհին, որի նպատակը նոր ոստիկանության ձեւավորումն է, ոստիկանություն-հասարակություն կապի ամրապնդումը, բոլոր պայմանների ապահովումը հանցավորության դեմ պայքարի, հանրությանը լիարժեք ծառայություն մատուցելու եւ քաղաքացու իրավունքների պաշտպանության համար:





































