Արմատական իսլամական քարոզիչ Աբու Քաթադան արտաքսվել է Մեծ Բրիտանիայից Հորդանան, որտեղ նրան ցմահ ազատազրկում է սպառնում ահաբեկչությունների նախապատրաստման համար:

Հուլիսի 7-ին գիշերը Քաթադան դուրս է բերվել Բելմարշ բանտից եւ տեղափոխվել բրիտանական ռազմական օդուժի Նորթհոլթ ռազմակայան: Առաջիկայում իսլամիստին ռազմական ինքնաթիռով կտեղափոխեն Հորդանան, գրում է «Ռոսբալտը»:

53-ամյա Օմար Օտմանի արտաքսման իրավական հիմնավորումը ստացվել է մեկ ամիս առաջ, երբ Լոնդոնն ու Ամմանը միջկառավարական համաձայանգիր ստորագրեցին:

Հորդանանի իշխանությունները Քաթադային մեղադրում են ահաբեկչությունների կազմակերպման մեջ, 1999թ. նա հեռակա կարգով ցմահ ազատազրկման է դատապարտվել: Բրիտանիայի կառավարությունը երկար տարիներ հրաժարվում էր արտաքսել նրան, քանի որ Քաթադան պնդում էր, որ հայրենիքում իրեն անարդար դատ է սպասվում: