ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերրիի կնոջը` 74-ամյա Թերեզա Հայնցին, ծանր վիճակում տեղափոխել են Մասաչուսեթս նահանգի Բոսթոն քաղաքի հիվանդանոց: Հուլիսի 7-ին Թերեզան վատ էր զգացել, եւ նրան ծանր վիճակում տեղափոխել էին Նանտակետ կղզու հիվանդանոցներից մեկը:
Ջոն Քերրին իր կնոջ մոտ է: Թե ինչն է դարձել Հայնցին հիվանդանոց տեղափոխելու պատճառը, չի հաղորդվում, հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Նախօրեին հաղորդել էին, որ Թերեզային հիվանդանոց են տեղափոխել հիվանդության,այլ ոչ թե դժբախտ պատահարի պատճառով: AP-ը, վկայակոչելով բժիշկներին, հայտնում է, որ կինը հիվանդանոց է տեղափոխվել ծանր վիճակում: Նրա վիճակը շարունակում է մնալ օրհասական, սակայն` կայուն, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Ջոն Քերրին եւ Թերեզա Հայնցն ամուսնացել էին 1995թ.: Նրանք ընդհանուր երեխաներ չունեն: Սակայն Հայնցը հայտնի Heinz սննդամթերքի ընկերության ժառանգորդ Հենրի Ջոն Հայնց Երրորդի հետ առաջին ամուսնությունից ունի երեք որդի:
Մինչեւ 2004թ., երբ Ջոն Քերրին նախագահական ընտրություններում իր թեկնածությունն էր դրել դեմոկրատների կողմից, Թերեզա Հայնցը Հանրապետական կուսակցության անդամ էր:





























